Լեզվի պահապանները

Մշակութային փոխհարաբերությունների եւ երկխոսությունների լավագույն  միջոցը քաղաքակիրթ աշխարհում միշտ էլ թարգմանությունն է եղել: Թարգմանությունը համակարգ է, որ թույլ է տալիս հետազոտելու, խորանալու եւ ուսումնասիրելու այլ աշխարհի միտքը, նրա ոգու խոսքը:

Երբ Շլիմանը վերծանում էր եգիպտական հիերոգլիֆները, վերծանում էր ամենահին քաղաքակրթություններից մեկի բովանդակ անցյալը եւ նրա «բանի» էությունը: Թարգմանությունը ոչ միայն ստեղծագործություն է, այլեւ ստեղծագործությունն ապրեցնելու բացառիկ հնարավորություն, իսկ թարգմանիչը` օտարագիր աշխարհն ընթերցողի առջեւ բացող միակ ճանապարհը: Հայոց լեզվով հիանալի թարգմանված մեծն Շեքսպիրի գրականությունը, կարելի է ասել, մտել է ժողովրդի միս ու արյան մեջ, դարձել «մերը»… մեր Շեքսպիրը:

Խոշոր «ձկներն» իհարկե՝ ունեն քաղաքական լուրջ հնարավորություններ, տնտեսական, ինչպես նաեւ մարդկային բավականաչափ ռեսուրսներ, եւ նրանց համար թարգմանության հարցը համեմատաբար լուծված է, իսկ լեզվին սպառնացող վտանգներն ավելի քիչ են, որովհետեւ օգտագործողների քանակը շատ է ու գնալով բազմապատկվում է. իրենց լեզուն նրանք տարածում են նաեւ թարգմանության շնորհիվ: Օրինակ՝ պարզ մի իրավիճակ, երբ փնտրում ես կարեւոր հեղինակի ստեղծագործություն ու հայերենով չես գտնում, գտնում ես, ասենք, անգլերենով, ստիպված փորձում ես սովորել ու ընթերցել հենց այդ լեզվով: Թեպետ բնագրով ընթերցելն ունի իր միանշանակ առավելությունը, բայց չես կարող ասել, թե Շեքսպիրը հայերենով կորցրել է իր հմայքը, ընդհակառակը, կարծում եմ՝ նրա ոգին հետաքրքիր կերպով իր նորովի արտացոլքն է գտել հենց հայոց լեզվում: Լեզուն թարմանում է, վերակենդանանում, ավելի ճկուն է դառնում, երբ ֆիզիկապես օգտագործվում են նրա բոլոր հնարավորությունները:

Թագմանիչները լեզվի վերջին պահապան հրեշտակներն են: «Ուլիսես» վեպի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կարծիքով՝ մենք չենք կարող լավ գրականություն ունենալ, եթե չունենք թարգմանական դպրոց, ձեւավորված ավանդույթներ: Նա ասում է, որ մենք ունեցել ենք անհատ-թարգմանիչներ, բայց թարգմանական դպրոց, որպես այդպիսին, չենք ունեցել: Հայ իրականության մեջ անհատները միշտ էլ իրենց ուսերին են վերցրել ամենածանր ու պատասխանատու բեռը, նրանց անունները կապվել են թարգմանության համար ընտրված հեղինակների անունների հետ` Հովհաննես Մասեհյան-Շեքսպիր, Սամվել Մկրտչյան-Ջեյմս Ջոյս, Աբրահամ Ալիքյան-Ռոժե Մարտեն դյու Գար, Կարպիս Սուրենյան-Ֆյոդոր Դոստոեւսկի, եւ այսպես շարունակ: Ժամանակին Ռուբեն Հովսեփյանի՝ ռուսերենից թարգմանած Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը լուրջ ազդեցություններ թողեց մի շարք հայ գրողների գրականության վրա, նույնիսկ ստեղծվեցին հայկական Մակոնդոններ:

Ամենացավալին թարգմանության հանդեպ պետական հետաքրքրվածության ու հոգածության բացակայությունն է: Կարելի է ասել, որ պետության իսկական դեմքն ու ներաշխարհն արտացոլում է գրականությունը: Նախ պիտի ստեղծել ընդհանուր համակարգ` պրոֆեսիոնալ կազմով, ովքեր ծաղկաքաղ կանեն հայ գրականության լավագույն նմուշները, հետո կտրամադրեն թարգմանիչներին, վերջում տեղ կհասցնեն արտաքին գրաշուկա: Թարգմանիչն իր թիկունքում պիտի զգա պետության ջերմությունը, նրա երախտապարտության դրսեւորումն ու արված գործի արժեւորումը: Իսկ մեզ մոտ միայն ուռճացված նշվում է այս կամ այն հերթական տոնը: Ասենք՝ ունենք ամենամյա Թարգմանչաց տոն, որի ընթացքում բաժակաճառային մակարդակի վրա հիշատակվում է թարգմանական արվեստը, նրա դերն ու կարեւորությունը: Տոնն ավարտվում է, շշերը դատարկվում են, հօդս են ցնդում բոլոր ճոռոմ-ճոռոմ խոստումները, հետո կրկին գալիս է հերթական տոնը ու էլի տոնը… Ի դեպ, շուտով՝ 2012-ին, գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով մեզ սպասվում է եւս մեկ՝ տաշի-տուշիոտ տոն …

Անցած տարի, ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների հերթական համաժողովի շրջանակում, Հայաստան էր ժամանել Ումբերտո Էկոյի վեպերն ու գիտական աշխատանքները ռուսերեն թարգմանած Միլանի համալսարանի դասախոս Ելենա Կոստյուկովիչը, ով, կարելի է ասել, հիասթափված էր, մի փոքր էլ զարմացած մեզ մոտ տիրող մեռելային մթնոլորտից: «Դատարկ դահլիճ, ոգեւորվածության բացակայություն, ասես եկել ենք Հայաստան ոչ թե համագործակցելու գրողների, թարգմանիչների, հրատարակիչների հետ, այլ պարզապես տուրիստական մի քանի շրջագայություն անելու համար»,- մտահոգված ասում էր հայտնի թարգմանիչը: Ի՞նչ իմանաս, գուցե Կոստյուկովիչը, տեսնելով այս վիճակը, մյուս անգամ այլեւս ցանկություն չունենա մասնակցել ֆորումին:

Սփյուռքահայ գրողներ Գրիգոր Պլտյանը, Մարկ Նշանյանը կարծում են, որ ունեն մեծ հնարավորություններ՝ անցնելու երկրորդ լեզվով գրելու պրոցեսին, սակայն նրանք դա սկզբունքորեն չեն անում` մեծ գիտակցումով, որ արեւմտահայերենի կենսականության պահպանման միակ ճանապարհը արեւմտահայերենով բնագիր ստեղծելն է: Հրեա գրող Իսահակ Բաշեւիս Զինգերը, ապրելով ու ստեղծագործելով Ամերիկայում, գրեց միայն մեռած լեզու համարվող իդիշով եւ միայն թարգմանությունների շնորհիվ ճանաչում ձեռք բերեց ողջ աշխարհում: Այսպիսով, փոքր ազգերի գրողներն ու թարգմանիչները իրենց լեզուն կենդանացնող, լեզվի կյանքը երկարաձգող վերջին ջահերն են. երբ նրանք լռեն՝ կլռի լեզուն…

«Այսօր, երբ գաղութատիրական ժամանակներն անցյալում են մնացել, գրականությունն այն միակ միջոցն է, որը թույլ կտա մարդկանց արտահայտելու իրենց ինքնությունն ու պահպանել իրենց խոսքի իրավունքը… Իհարկե, անարդարացի է, երբ Հյուսիսային Կանադայի հնդկացին, որպեսզի իրեն հասկանան, սկսում է գրել զավթիչների լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն: Միեւնույն ժամանակ անհեթեթություն կլիներ կարծել, որ Անթիլիասի ու Մորիսի կրեոլական լեզուն նույնքան հասկանալի կլիներ, որքան աշխարհում տեր ու տնօրենի կարգավիճակում հայտնված հինգ կամ վեց լեզուները: Ու եթե այսօր գոնե թարգմանությամբ աշխարհը կարողանում է լսել նրանց, նշանակում է՝ ինչ-որ լավ բան այսօր կատարվում է»,- գրում է Ժան Մարի լը Կլեզիոն:

Եթե մենք ուզում ենք լսել աշխարհին, պետք է թարգմանել նրա խոսքը, եթե ուզում ենք աշխարհը լսի մեր խոսքը՝ պետք է թարգմանել մեր խոսքը, բայց այս տեմպերով, խրթին միջոցներով ու անհասկանալի մեթոդներով ընտրված գործելակերպի վերջը անդունդն է, եւ այսօր էլ մենք լիովին դուրս ենք մղված համաշխարհային գրական պրոցեսից, որ իրական ողբերգություն է:

Արամ Պաչյան

www.hraparak.am

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.