«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս V
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Հանդեպ ունեցած
Վերաբերմունք արտահայտելու համար «ունեցած» բառն ամենևին պարտադիր չէ նախադասության մեջ խցկել: Համեմատենք. «Նրա հանդեպ իմ ունեցած վերաբերմունքը… »: «Նրա հանդեպ իմ վերաբերմունքը… »: Ակներևաբար նախընտրելի է երկրորդը:
Ունեցած հարցազրույց
«Երգչուհու հետ ունեցած հարցազրույցում…»: «Ունեցած» բառը խոսքաշարից առանց ափոսալու դուրս նետեք և կհամոզվեք, որ արտոնություն էիք տվել բացարձակապես փուչ բառի:
Կարծում է, որ
Կարծելն արդեն թեականություն է, հեռու իրականությունից: Նման պարագայում ճիշտ է «թե»-ի գործածումը:
Որոշ գաղափարները
Գաղափարներ բառը կամ «որոշ»-ով բաղադրվող այլ կապակցություններ չպետք է որոշյալ առումով կիրառվեն. «Որոշ գաղափարներ կասկած են հարուցում»: Նաև` «Բազում ուսանողներ հանգստանալու մեկնեցին»:
Խորը մտքեր
Որևէ մեկին չի հաջողվի թեկուզ ամենաանհաջող բառարանում այս բառը գտնել. այն պարզ պատճառով, որ ճիշտը հետևյալն է` «խոր»: Այնուհանդերձ դժվար է նաև այս բառի ճիշտ գրությունը գտնելը: Մի տարօրինակ համերաշխությամբ բոլորն ասում-գրում են «խորը»: Սխալ է, տգեղ ու անվայել: Հիշենք` խոր լիճ, խոր միտք, խոր կիրճ, խոր փոս:
Բարյացկամ
Բարի և կամենալ բառերի համադրումն է` հայերենի լեզվակազմության օրենքների կիրառմամբ: Հոդակապի կամ այլ տառի սղում չի կատարվել, հետևաբար ցանկացած բառարան ձեզ կմատուցի ճիշտ բառաձևը` բարյացակամ:
Միևնույնն է
Հին գրքերում այս երկու ն-ն կարելի է հաճախ տեսնել, սակայն ժամանակակից հայերենին հատուկ է մեկ ն-ով գրությունը՝ միևնույն է:
Այն մարդիկ, որոնք
Առհասարակ ստորադասումից հարկավոր է հնարավորինս խուսափել, բայց եթե դա անհնար է` գոնե մարդկանց պետք է հավուր պատշաճի վերաբերվել, այն է` որոնք-ի փոխարեն օգտագործել ովքերը: Որ-ի փոխարեն` ով-ը:
Բացառապես նման չեն
Այսպես գրողը, անշուշտ, նման մի բան լսել է, բայց մնացել է կիսագիտակ: Ոչ թե բացառապես նման չեն, այլ բացարձակապես, այսինքն ոչ մի չափով:
Նա բացառապես լսելով է առաջնորդվել, հարցի էության մեջ չի խորացել:
Երաժշտի և եզրափակչի մասին
Բառամիջի ի-ն, հիրավի, սղվելու հատկություն ունի, սակայն ոչ այս երկու բառերում: Գոյություն ունի նաև բարեհնչունություն հասկացություն, որին լեզուն հաճախ ենթարկվում է: Դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում հեռուստատեսային հայտնի հաղորդավարը` անվերջ կրկնելով «եզրափակչում» անճոռնի հնչյունակույտը, բայց որ բավարար չափով հայերեն իմացող հեռուստադիտողն իրեն վիրավորված, մինչև անգամ նվաստացած է զգում, անկասկած է: «Երաժշտի» բառի յուրաքանչյուր արտաբերում երաժշտություն հասկացությունն է տակնուվրա անում: Ճիշտ են «երաժիշտի» և «եզրափակիչի» բառաձևերը:
Ինչո՞ւ համար
Ի շարս բազում բառերի` ունենք հարցականի երկու հայտնի ձև` «ինչո՞ւ» և «ինչի՞ համար»: Դրանք խառնելը հանգեցնում է սխալի, այնպես որ «ինչու համարը» կարելի է հնչեցնել միայն նեղ միջավայրում կամ ուղղակի արխիվ ճամփել:
Հոգ տանել մասին
Ավագ եղբոր լեզվում, իհարկե, հենց այսպես է, բայց հայը ոչ թե մարդու մասին է հոգ տանում, այլ նրա համար: Ուրեմն` «Դուստրը մոր համար հոգ է տանում»: Իսկ ավելի ճիշտ է խնամելը` նրան խնամում է:
Մարդիկ Գրիգորյանին ճանաչում են որպես գիտնական
Ո՞վ է գիտնականը: Ըստ նախադասության կառուցվածքի` մարդիկ, որովհետև դա ուղիղ հոլովով դրված ենթական է: Մինչդեռ իրականում գիտնական է Գրիգորյանը, պարզապես սխալ հոլով է օգտագործվել, պետք է լինի` «…ճանաչում են որպես գիտնականի»:
Առանց թատրոն նա կյանք չունի
Նա կյանք չունի առանց թատրոնի: Առանց-ը պատադրում է քերականական յուրահատկություն, որն այս դեպքում արտահայտվում է սեռական հոլովով: Առանց սիրո, առանց երեխաների, առանց պայքարի, առանց խտրության…
Բայց համենայնդեպս
Բազմաթիվ շաղկապներ համադրվում են, սակայն` հակառակ իմաստներ արտահայտելու «առաքելությամբ», օրինակ` բայց եթե:
Բայց-ը և համենայնդեպս-ը նույնիմաստ շաղկապներ են, նախադասության մեջ գրեթե նույն դերն են կատարում, հետևապես դրանց համադրությունը լավ ճաշակի նշան չէ, ավելին՝ հանձնարարելի չէ:
Վազգեն Առաջին
Վաղուց ի վեր ընդունված է հայոց արքաների և կաթողիկոսների հաջորդականությունը նշել մեր այբուբենի տառերով, որոնք ինչպես գիտենք` կարդացվում են դասական թվագրությամբ: Գրվում է «Արշակ Բ», կարդացվում` «Արշակ Երկրորդ»: Գրվում է «Վազգեն Ա», կարդացվում` «Վազգեն Առաջին»:
Խաչակնքվել
Ինչ-որ մեկին թվացել է, թե այս բառը ճիշտ է վ-ով: Եվ վրիպել է, քանի որ եթե մարդ աղոթում է, ապա խաչակնքում` դա անում է ինքնուրույն, առանց մեկի օգնության կամ միջամտության: Հիշենք, որպեսզի ճիշտ խաչակնքենք:
Անունդ ինչպե՞ս է
Կատակելու հակում ունեցողներն անմիջապես հակադարձում են. «Շնորհակալություն, լավ է, չի հազում»: Հենց հակադարձում են, որովհետև օտար հովերին գերի չդարձող հայերը շատ լավ գիտեն, որ այդ հարցը պետք է հնչի այսպես. «Անունդ ի՞նչ է»:
Ձեռքերս լվացի
«Լվանալ» բառի սխալ խոնարհման պատճառը բարբառի գերին դառնալն է: Նույնիսկ շատ հմուտ բանասերներ զլանալով այս անկանոն բայի խոնարհման կանոնը սերտել՝ ճիշտը դարձնում են սխալ: Գրական հայերենը սա է՝ ես լվացա, նա լվացավ, դու լվացար ¥իմանալ՝ իմացա, իմացար, իմացավ¤:
Նրա հետ ամեն ինչ կարգին է
Ոչ ամեն ինչ է կարգին, որովհետև հայերեն իմանար` այդպես անհեթեթաբար չէր արտահայտվի: Հարկավոր է ասել` «Նրա գործերը լավ են», «Նա լավ է» և այլն: Հայերենը նոր բառեր ու արտահայտություններ ստեղծելու անսահմանափակ հնարավորություններ ունի, և պետք չէ կառչել օտար ու աղքատիկ «գյուտերից»:
Տարի հետո
Տարուց հետո: Տարի անց: Սրանք են հանձնարարելին:
Որպիսի
Հաճախ այսպես են արտասանում «որպեսզի» բառը: Ոչ, «որպիսի»-ն այլ իմաստ ունի, նշանակում է ինչպիսի, ցույց է տալիս առարկայի որակը, իսկ «որպեսզի»-ն ստորադասական շաղկապ է և պետք է արտասանել «որպեզի»:
Աջակցություն ցուցաբերել
Ինչո՞ւ, եթե կարել է ուղղակի «աջակցել»: Այս շինծու արտահայտության սիրահարները մի պահ իսկ չեն մտահոգվում մեր լեզվի հարստությունը պահպանելու մասին, նրանց համար կարևորը ուրիշներից լսածն առանց վերլուծության կրկնելն է: Օտարամոլության ցայտուն օրինակ:
Հանրապետությունում ծնելիությունն ավելացել է
Կարծում եք խոսքը կովերի կամ խոզերի մասի՞ն է… Ոչ, այդ բառով հայրենի ձախավեր թարգմանիչները «պատվում» են հայ կանանց: Այս վիրավորական պիտակը կարելի է լսել պաշտոնյաների շուրթերից, կարդալ մասնագիտական գրքերում ու մամուլում: Անմեղսունակության այս բացահայտ դրսևորումը կարելի է շտկել՝ «ծնելիություն» բառը փոխարինելով «մանկածնություն»բառով ¥հուսանք՝ մեկնումեկի մտքով չի անցնի հակաճառել, իբր բուն իմաստը չի հասկացվում¤: Ի դեպ կապկումի սիրահարները «ծննդաբերել»-ը շփոթում են «ծնել»-ի հետ. առաջինը մարդուն է հատուկ, երկրորդը՝ կենդանիներին:
Ա, ա, ա…
Խեղճ հայերեն, էություն-է-իդ փոխարինելու է եկել ա-ն: Գրողները ա-ով են գրում, լրագրողները ա-ով են հացազրույցներ վարում, ամբիոնները ճռնչում են ա-ի ծանրությունից: Սա իսկական աղետ է, մոլորություն, զանգվածային մտախանգարում: Գուցե որպես չափազանցություն հնչի, սակայն կարծում եմ` այս հարցում արդեն պետության միջմտության կարիքն է զգացվում:
Ը ը ը ը ը …
Բանավոր խոսքին հատուկ թերություն է (բարեբախտաբար): Երբ ռադիո և հեռուստատեսություն հրավիրված հյուրերն են ը-ի ճահիճն ընկնում ու ոչ մի կերպ չեն կարողանում մտքերը կենտրոնացնել, սահուն խոսել, ունկնդիրները հանդուրժում են, մտածելով` դե, մարդիկ պատրաստ չեն, շփոթվում են, ի վերջո հաղորդավար չեն: Բայց երբ նույն իրենք` հաղորդավարներն են լսարանին ըըըըը-ի բութ դանակով մորթում` իսկապես անհանդուրժելի է: Հաղորդավարների խոսքը պետք է լինի թեթև, կենդանի և գեղեցիկ: Ոչ ոք պարտավոր չէ նրանց ապաշնորհության պատճառով տառապել, մանավանդ երբ զրուցակիցը հմուտ ճարտասան է: Նման պահերին հաղորդավարները գոնե պետք է ըըըըը-ն պահեն մտքում: Ավելի լավ է դադար տան, քան եթերը լցնեն ատելի ըըըըը-ով:
Խնդիրը կանգնած է
Չարչրկված, անընդունելի արտահայտություն: Հայերենը սա կարող է փոխարինել բազմաթիվ բառերով ու կապակցություններով, պարզապես հարկավոր է իմանալ և ընդունել, որ մեր լեզուն չափազանց հարուստ է նրբերանգներով, դրանով իսկ` ստույգ իմաստներով: «Պատգամավորների առջև այս խնդիրը վաղուց է կանգնած»: Ծույլ և ծանծաղ մտքի դրսևորում: Նախևառաջ «այս խնդիրը» որոշակի անուն ունի, հենց դա էլ պետք է հիշատակել, ապա` խնդրի «կանգնելը» մեր մտածողությանը հարիր չէ: Հայ մարդը կասի. «Ժամանակին համահունչ օրենքների ընդունումը մեր խորհրդարանին վաղուց է մտահոգում»: «Ժամանակին համահունչ օրենքների ընդունումը վաղուց ի վեր մեր խոհրդարանի մտահոգությունների կենտրոնում է»: Կամ գոնե՝ «Խորհրդարանում այս խնդիրը վաղուց է ծառացած»:
Չի
Արդեն բազում անգամներ այս շարադրանքում գրել եմ` «Ճիշտ չէ»: Համոզված եմ` շատերը գրազ կգան, որ սխալվել եմ, պետք է գրեի` ճիշտ չի: Աղավաղումը հասել է ահա այս աստիճանին: Չէ-ն պետք է վերադարձնել իր արժանի տեղը, իսկ չի-ն գործածել իր տեղում՝ որպես խոնարհված բայի բաղադրիչ՝ չի խոսում: Մնացած բոլոր ժխտումները հարկ է կատարել չէ-ով` համաձայն չէ, ուշացած չէ, տուն չէ…
Քարե դար
Դարը քարից կերտված չի եղել, այդ դարում քարից պատրաստված գործիքներ են օգտագործել: Ահաև` քարի դար, երկաթի դար, պղնձի դար, բրոնզի դար բառակապակցությունները: Բառաբարդման ժամանակ փոփոխություն է կատարվում, և ունենում ենք քարեդարյան, բրոնզեդարյան ու մյուս ձևերը:
Տարեկան հասակում
«Քառասուն տարեկան հասակում նա արդեն ճանաչված նկարիչ էր»: Հասակում բառն անկոչ հյուրի կարգավիճակ ունի, դրանից հրաժարվելուց շարադրանքը միայն կշահի` «Քառասուն տարեկանում նա… »:
Առողջության հետ խնդիր ունի
Այս չարաբաստիկ «խնդիր»-ը հավակնում է փոխարինել հայերենի գրեթե ամբողջ բառապաշարին: Մանավանդ նորելուկ թղթակիցների գրվածքներն ու հաղորդումները ծայրեծայր լի են այս բառի տարբեր շահարկումներով` նրանց համար ամեն ինչ խնդիր է, նրանց աչքին միայն խնդիր է, և բոլորն զբաղված են խնդիր լուծելով: Երբեմն էլ հարց են լուծում: Ոչ ոք նեղություն չի կրում թեկուզ մեկ խնդիր հասկանալ, ծանոթանալ դրա իրական պատկերին և կոչել իրական անունով: Հոգները չէ, որովհետև մոգոնել են ամենափրկիչ «խնդիրը»: Բայց դա մի խնդիր, համենայնդեպս, չի լուծում` խնդրամոլիկներին գրագետ չի դարձնում:
Զբոսաշրջիկություն
Զբոսաշրջիկը մարդ է, ով շրջելով զբոսնում է: Զբոսաշրջությունը տնտեսության ոլորտ է, որը կազմակերպում է մարդկանց շրջելով զբոսնելը: Կար մեկը, որ այդ անունով նախարարություն կոչեց ու հասարակությանը կրակը գցեց: Հիմա ոչ նա կա, ոչ նման գերատեսչություն, հետևաբար անհրաժեշտ է ճշտել` զբոսաշրջիկ և զբոսաշրջություն: Բացառված չէ, որ մի օր մեկնումեկն ավելի կարճ ու դիպուկ բառ ստեղծի: Հայերենը դրանից միայն կշահի:
Երգ երգել, նվեր նվիրել
Արդարև` մեկնաբանություններն ավելորդ են: Բայց օրինակների կարիք զգացվում է, ահավասիկ. երգ կատարել, նվեր մատուցել:
Ութանասուն
Ի տարբերություն յոթանասունի` այստեղ թվականը կազմվել է ուղղական հոլովի հիմքով: Առաջին դեպքում գործ ունենք «յեւթն» բառի «յեւթան» հոլովված ձևի և «սուն» ածանցի համադրության հետ:
Երեսունական, քառասունական…
Այս անգամ էլ ու-ն է սղվում` երեսնական, քառասնական:
Տաս
Մեկից տասը հաշվելիս ոչ ոք չի սխալվում, ասում է` ինը, տասը: Բայց բառի առանձին գործածության ժամանակ ը-ն «մոռանում» է: Դա անթույլատրելի է, ինչպես մյուս թվերին ը հավելելը` չորսը, հինգը, վեցը, յոթը, ութը: Բնական է, որ հայերենի բազմաթիվ բարբառներում ու շերտերում այդ ձևերը կան, սակայն ժամանակակից գրական հայերենը դրանք մերժում է: Վերջիվերջո թվերի հայերեն անվանումներն այնքան հղկված ու սեղմ են` նաև օտարների հիացմունքն են առաջանցնում: Մեր սերնդակիցների պարտականությունը դրանք ընդամենը պահպանելն է:
Շարունակելի …