Մայրենին տնտեսական հայրենասիրության ու գավառամտության սահմանագծին. ի՞նչ կտան օրենքների փոփոխությունները

Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն ոչ թե պարզապես հայերենն է, այլ գրական հայերենը:  «Գրական» բառն ավելացավ, երբ մայիսի 23-ին խորհրդարանն ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ  ՀՅԴ-ի ներկայացրած նախագիծը:

Նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարևոր ձեռքբերում է համարում օրենքում այդ բառի ավելացումը. «Սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից և լրատվամիջոցներից` մայրենիի նկատմամբ բազմաթիվ մեղանչումներ են թույլ տալիս, և երբ   պահանջում եմ անաղարտություն, ակնածանք, անմիջապես ասում են` Հայաստանում պաշտոնական լեզուն հայերենն է, գրական հայերենի պարտադրանք չունենք»,- ասում է նա:

Ըստ պատգամավորի` գավառական, ժարգոնային, խուլիգանական ու փողոցային բառապաշարը սողոսկել է մեր եթեր, դարձել ընդունելի չափանիշ, և դրան նպաստում են հատկապես հայկական սերիալները. «Ամեն ինչ հնարավոր չէ բերել օրենքի դաշտ,  կա բարոյականության չափի զգացողություն, որն աստվածային զգացողություն է,- ասում է նա,- գռեհկաբանությունն էլ ոճականություն չէ»:

Լեզվի անաղարտության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված ՀՅԴ նախաձեռնության ջանքերով փոփոխություններ կատարվեցին  «Լեզվի մասին», «Գովազդի մասին» և «Վարչական իրավախախտումների  մասին» ՀՀ օրենքներում: «Լեզվի մասին» օրենքում մասնավորապես հստակեցվեցին, թե ինչ բան է պետական լեզվաքաղաքականությունը, պետական լեզուն, պաշտոնական լեզուն, պաշտոնական խոսքը, գործավարությունը, ցուցանակը, պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթը և այլն:

«Գովազդի մասին» օրենքում հստակեցվեցին, որ գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները, անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել  երկու և ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը, չընդգրկի տեղեկություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում: Բացի այդ, հայերեն շարադրանքը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջ կամ առջևից` վերևից ներքև կամ ձախից աջ գրությամբ, իսկ օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն շարադրանքը և այլն:

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը նույնպես դրական է գնահատում վերջին փոփոխությունները` նշելով, որ վերջին մի քանի տարվա մեջ լեզվի պաշտպանության առումով սա «առաջին ծիծեռնակն է». «Վերջապես կան օրենքի հիմնական հասկացությունները,- ասում է նա,- օրինակ` նախկինում կար գործավարություն հասկացությունը, բայց սահմանված չէր, թե դա ինչ է: Մենք դատարաններում գործավարության հետ կապված խնդիրներ էինք ունենում, որովհետև գործավարությունը կարող էին տարբեր կերպ մեկնաբանել»:

Նոր ձևակերպմամբ գործավարությունը  փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց է, որը ներառում է կազմակերպակարգադրական անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը, ձևավորումը,  շրջանառության ապահովումն ու պահպանումը:

Վարչական իրավախախտումների առումով էլ է Երիցյանը գոհ. «Նախկին օրենքում տուգանքները 80-ից մինչև հարյուրապատիկի չափով էին, այժմ դրանք հասնում են մինչև չորսհարյուրապատիկի»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է «Գովազդի մասին» օրենքի փոփոխություններին, ապա Երիցյանը մի կարևոր բացթողում է նկատում. «Հոդվածում շարադրված «Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է» նախադասությանը հետևում է հետևյալ նախադասությունը. «Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների և մակնիշների վրա: Այսինքն` հիմնական խայծերից մեկը մնացել է»,-նկատում է նա:

Լիլիթ Գալստյանը նշում է, որ նախագծի նախնական տարբերակն ավելի խիստ էր և գովազդում նախատեսում էր  նաև տառադարձության սկզբունքը, սակայն իրենք ստիպված են եղել փոխզիջման գնալ` հանդիպելով գործարար աշխարհի լուրջ հակադրությանը. «2009-ից այս օրենքի նախագիծը քննարկման մեջ էր, և չեք պատկերացնի, թե  ինչ չարչարանաց   տարտարոսի ճանապարհ ենք անցել, մինչև այն իրականություն է դարձել»,-ասում է նա:

Օրինակ, երբ օրինագծի հեղինակներն առաջարկել են «Գովազդի մասին» օրենքում հայերեն բառից առաջ ավելացնել գրական բառը, շատերն ընդդիմացել են. «Բայց ի՞նչ տարբերություն, հայերենը հայերեն է»: Լիլիթ Գալստյանն ասում է, որ կառավարության ներկայացուցիչներից մեկը նույնիսկ «իմաստնություն» է ունեցել ասելու. «Եթե հայերեն տառերով է գրված, ուրեմն հայերեն է»: «Պատկերացնո՞ւմ եք, թե  ինչ սառը ցնցուղի միջով եմ անցել»,- ասում է պատգամավորը:

Օրենքի փոփոխությունների ընդունումը շատ կարևոր քայլ համարելով` Լիլիթ Գալստյանն, այնուամենայնիվ, նշում է, որ սա դեռ վերջը չէ, և իրենք լեզվի անաղարտության և գերակայության խնդիրը լուծելու նպատակով հանդես կգան այլ օրենքներում ևս փոփոխություններ մտցնելու առաջարկով:

Բացի այդ, պատգամավորը համոզված է, որ օրենքը պետք է  գործի բարոյական հենարանի, հանրային, քաղաքական ընկալման հենքի վրա. «Եթե քո ժողովուրդն իր լեզվի բացառիկության գիտակցումը չունի, եթե քո քաղաքական վերնախավը լեզվի պաշտպանության քաղաքական համոզումն ու արժեքը չունի, օրենքի գործելը կբարդանա,- ասում է նա,- մահակի միջոցով հարցեր լուծելը քաղաքակիրթ չէ, բայց երբ  տեսնում ես` այդ ընկալումը չկա, ստիպված ես դիմել մահակին»:

Արդյոք այս փոփոխությունները մահակի հարված կարո՞ղ են հասցնել այն գործարարներին, որոնց համար 80 թե 300 հազար դրամ տուգանք վճարելը նույն հաշիվն է. «Նախ` գործարարը պետք է հայ լինի, իր ազգային արժանապատվությունն ու ինքնությունը հարգի: էդ ի՞նչ քաղքենիական սնափառություն է  դրդում, որ  խանութն անվանես «ՍԱՍ», «Ֆրեշ» «Բեստ», «Սիթի», «Սթար»,  «Մոսկվիչկա» կամ «Կառոլինա»: Ես չեմ կարող հասկանալ այդ հային. դա պարզ գավառականություն է»,-ասում է նա` ընգծելով, որ մեզանում հանրային ու ազգային շահը միշտ ստորադասվում է մի քանի հոգու գրպանին ու ճաշակին:

Պատգամավորն առաջ է քաշում «տնտեսական և գործարար հայրենասիրություն» գաղափարները` զարմանալով, որ հայ գործարարները նախընտրում են օտար անվանումները. իբր թե դրանք բարեհունչ են, ժամանակակից  կամ «իմպրտնի». «Իրենց թվում է, որ նման անուններով եվրոպական չափանիշներ են բավարարում: Դե  եթե էդպես է, թող իրենց երեխաների անունները դնեն Մեհրիբան, Ասադ կամ Օբամա»,- ասում է նա:

Լիլիթ Գալստյանը կարծում է, որ ամեն ինչ օրենքի խնդիրը չէ, այլ կախված է հասարակության հոգեբանության փոփոխությունից ու արժեքային ուղենիշներից։

Թե ինչ կտան այս փոփոխությունները հայոց լեզվին, կփոխվի լեզվական իրավիճակը, թե ոչ, ըստ Լեզվի պետական տեսչության պետի, կերևա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո. «Հնարավոր է` որոշ ժամանակ անց տեսնենք, որ օրենքը հստակ և լիովին չի գործում, և անցնենք ավելի արմատական փոփոխությունների, ինչպիսին, օրինակ` մեր հարևան Վրաստանում է»: Սերգո Երիցյանը նկատի ունի օտար ապրանքային  նշանների և մակնիշների հայերեն տառադարձումը, որը, ըստ նրա, կազատի ամեն տեսակի խնդիրներից:

Բանն այն է, որ շատ դեպքերում օտարալեզու անվանումներով խանութների տերերը կարողանում են պատասխանատվությունից խուսափել` ապացուցելով, որ իրենց խանութի ճակատին մեծ-մեծ տառերով գրված օտար բառը իրենց լոգոն է, որի դեպքում արդեն չի գործում «ՀՀ տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է» դրույթը:

Անի Գասպարյան

www.ankakh.com

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, Խախտումներ, Հրապարակախոսական, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.