Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). VI

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս VI

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Պայքարել թշնամիների հետ

Պայքարում, կռվում, պատերազմում են թշնամիների դեմ: Նրանց հետ պայքարելն ինչպե՞ս է լինում: Որքան էլ կապակցությունը ռուսական ակունք ունենա` արդարացում չունի, որովհետև հայի գիտակցության մեջ ամրակայված է դեմ-ը: Դա ճիշտ է նաև քերականորեն ու տրամաբանորեն:

Ողջ աշխարհը

Ողջ մշակույթը, ողջ ճշմարտությունը, ողջ ներաշխարհը… Հասկանալի է, որ նկատի է առնվում տարածության չափ ու ծավալը, ոչ թե նրա կենդանի կամ անկենդան լինելը: Իսկ եթե այդպես է` պետք է հանգիստ թողնել «ողջ » (կենդանի, ապրող) բառը և այն փոխարինել «ամբողջ »-ով` ամբողջ աշխարհը: Կամ` համայն մարդկությունը, բովանդակ ներաշխարհը:

Ազգովի

Նշանակում է` ամբողջ ազգով հանդերձ և պետք է գրվի` «ազգովին» (հիմնովին, բոլորովին):

Ծրագրավորել

Երբ որևէ ծրագիր տեղադրում են մեքենայի կամ սարքի մեջ` այն ծրագրավորում են, հագեցնում, ապահովում տվյալ ծրագրով: Իսկ երբ նախատեսում են ինչ-ինչ քայլերի դիմել, տարբեր աշխատանքներ կատարել` դա ծրագրում են: Չպետք է շփոթել պլանավորելու հետ:

Մշակույթային

Լույս, հույս, բույս, կույս և շատ այլ բառերի հոլովման, խոնարհման կամ բառաբարդման ժամանակ յ-ն ընկնում է` լուսավոր, հուսալի, բուսական, կուսանոց: Հնչյունաբանական նույն փոփոխությունն է կրում նաև մշակույթ բառը, երբ ենթարկվում է քերականական կանոնների պարտադրանքին: Բառաբարդման ժամանակ այն զրկվում է յ-ից, ինչը բառի արտասանությունն ավելի է գեղեցկացնում` մշակութային: Համանմանությամբ` բարդութավորվել, բնութագիր, արժութային:

 Հայկական ցեղասպանություն

 Անգլերենի թելադրանքով (Armenian Genocide) շատերը գրում են հայկական ցեղասպանություն, ինչն իմաստին չի համապատասխանում, որովհետև, ցավոք,  խոսքը մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության մասին է: Տեղին են «հայերի», «հայոց» բառերը: «Հայկական»-ն այստեղ ոչինչ չասող  ածական է: Բառակապակցության առաջին բաղադրիչը մեծատառով է գրվում երևույթը համանման հասկացություններից առանձնացնելու համար` Հայոց (Հայերի) ցեղասպանություն):

Իզմականություն

Օտար երեք տառը հայերեն թարգմանել են ութ տառով, օրինակ բուդդիզմ՝ բուդդայականություն: Իմաստի առումով կարծես թե հասկանում ենք խոսքն ինչի մասին է, սակայն կարծում եմ՝ ականության փոխարեն իմաստը կարող է տալ նաև «ություն»-ը՝ բուդդայություն: Մարքսիզմ՝ մարքսություն, հելլենիզմ՝ հելլենություն, ցինիզմ՝ շնություն…

Ոմանք «ականություն»-ը սխալ համարելով՝ նախապատվությունը տալիս են «ապաշտություն»-ին. դա արդեն ոչ թե ութ, այլ ինը տառ ունի, և ունենում ենք…  «հելլենապաշտություն» տառաբլուրը:

Կարծես թե մեր վերջածանցներն ու վերջավորությունները շատ կարճ են՝ այս հորինվածքներն էլ իրենց հերթին են լեզուն ծանրաբեռնում: Սղման տարբերակներ չեմ առաջարկում, ամենամոտ ապագան ինքը դրանք կսրբագրի:

Լատինաամերիկյան պարեր

Եթե բառն ավարտվում է ա-ով, հաջորդն էլ սկսվում է ա-ով` միանալիս երկուսն էլ պահպանվում են, օրինակ` ամենաարագ: Բայց եթե երկու ա-երից մեկը հոդակապ է` սղվում է, օրինակ` լատինամերիկյան: Այս կանոնը տարբեր անվանումներ ունի, թող դա բանասերները վիճարկեն, մեզ համար կարևորն այն է, որ հայոց լեզուն ազատվում է անհարկի բեռից:

Մահափորձ նախագահի վրա

Ֆիզիկական իմաստով մահափորձն արվում է որևէ մեկի մարմնի վրա, դրա ուղղությամբ, բայց հայոց լեզուն վերացարկման մեծ ներուժ ունենալով` կատարվածի իմաստն ակնթարթորեն արժևորում է` մահափորձը կատարվել է մեկի դեմ:

Վթարի ենթարկվել

Զննման ենթարկվել, վերականգնման ենթարկվել, ծեծի ենթարկվել, ճնշման ենթարկվել… կամ` ենթարկել: Խոսքը ձգձգելու և պաճուճելու այս միտումը պահպանվում է, ավելին` խորանում: Չհիմնավորված իրողություն է, և կարելի է առանց հապաղելու «ենթարկվել» բառին հրաժեշտ տալ` զննել, վերականգնել, ծեծել, ճնշել: Գալով «աղետի ենթարկվել»-ուն` խորհուրդ եմ տալիս նոր բայ ստեղծել` վթարվել: Մի՞թե իմաստն ու կազմությունը հայեցի չեն:

Միս տիեզերք

Անշուշտ, տիեզերքը մսից չէ կառուցված. սա անգլերենից աշխարհով մեկ տարածված նմանակում է, որի իմաստը թեև հասկանալի՝ հայերենին անհարազատ է, հաճախ էլ զավեշտի նյութ է դառնում: Գերադասելի է գեղեցկուհի բառի արմատավորումը՝ Աշխարհի գեղեցկուհի, Հայաստանի գեղեցկուհի: Թերևս խորհուրդ տայի «միսը» փոխարեինել հայերեն «գեղուհի» բառով, բայց սա էլ մեկ ուրիշ թյուրընկալման պատճառ կդառնա, այնպես որ ապավինենք փոքր ինչ երկար, բայց խորիմաստ «գեղեցկուհի» բառին:

Տեղիք տալ

Նշանակում է կասկած, վարանմունք հարուցել. «Նրա հանկարծակի լրջությունը խորհելու տեղիք է տալիս»:

Տեղի տալ

Իմաստը զիջելն է, դիրքերից կամ տեսակետից նահանջելը: «Երկար բանակցություններից հետո հակառակորդը տեղի տվեց»:

Զուրկ լինել

Ինչ-որ բան չունենալն է. «Քաղաքացիները զուրկ են տարրական պայմաններից»:

Զերծ լինել

Զրկվածության իմաստ չունի, որևէ թերությունից, արատից, մեղքից ազատ լինելն է. «Մեծամտությունից զերծ լինելը նրա գլխավոր արժանիքն է»:

Բերքատվությունը տատանվում է

…25-ից 27 ցենտների սահմաններում: Բնականաբար` հայերեն չէ, այլ օտարաբանություն: Պետք է ասել. «Բերքատվությունը 25-27 ցենտներ է»:

Շուրջ 127

127-ը որոշակի, ստույգ թիվ է, չի կարող շուրջ լինել: Բառը տեղին կլինի «շուրջ 120», «մոտ 300», «գրեթե 1000» և այլ կապակցություններում:

Թվով 50

50-ն ինքնին թիվ է, ոչ տառ է, ոչ նոտա, ոչ ժայռապատկեր, ոչ էլ մանավանդ` առարկա կամ երևույթ, հետևապես «թվով» լրացյալի կարիքն ամենևին չկա, ընդհակառակը` խանգարում է:

Երկուս

Բառակազմության ժամանակ ս-ի առկայությունը տրամաբանական է` «երկուսուկես», «երկուստեք», որովհետև գրաբարում այն եղել է (արևմտահայերենում` ք, երկուք), սակայն ուղիղ ձևում այդ հնչյունն ուղղակի բացակայում է` մեկ, երկու, երեք… Երկու:

Եկրորդ

Բառարմատը «երկու»-ն է. դասական թվականի վերածվելիս «երկ» տառախումբը պահպանվում է, ու-ն` սղվում, րորդ-ն ավելանում, և ունենում ենք «երկրորդ» բառը: Ավաղ, սակավաթիվ մարդիկ են այն ճիշտ արտասանում, որպես ցավալի կանոն` բառն ամենուրեք հնչում է «եկրորդ»: Նույնիսկ փորձառու համարվող հաղորդավարները, հայտնի մտավորականներն ու դասատուներն արտասանությունն աղավաղում են: Երկրորդենք` հիշելով «երկրորդ» բառի ճիշտ ընթերցումը:

Բոլորովին վերջերս

Այս «բոլորովին»-ը ժխտական իմաստ ունի, տվյալ արտահայտության մեջ սպրդել է չիմացության հետևանքով: Խորհուրդ ենք տալիս այն փոխարինել «հենց» -ով` «հենց վերջերս»:

Քարն ընկավ գետին

Եթե կարծում եք, թե քարը գետն է ընկել, սխալվում եք. այն գցել են գետին-ի վրա` գետնին: Ընդամենը գետն ու գետինն են շփոթել: Կամ հետևելով Երևանի խոսվածքին՝ մոռացել են «գետին» բառը հոլովել:

Սրբության սրբոց

Աստվածաշնչյան հանրահայտ արտահայտություններն անգամ աղավաղումից չեն խուսափում: Ահավասիկ, պետք է լինի` «սրբություն սրբոց», որ ժամանակակից արևելահայերենով թարգմանվում է սրբերի սրբություն:

Երաժշտական գործիք

Ոմանք ընդունում են, որ այս անվանումը հայերենին բնորոշ չէ, բայց շատ հետաքրքիր սահմանում են մտցրել. հայկական նվագարանները պետք է հենց այդպես էլ կոչել` նվագարան, իսկ ասենք եվրոպականները թողնել «երաժշտական գործիք»: Արհեստական, անհիմն սահմանազատում է, նվագարան են ինչպես դուդուկը, քամանին, սազն ու քամանչան, այնպես էլ դաշնամուրը, ջութակը կամ երգեհոնը (ի դեպ նվագում են ոչ թե դրանց վրա, այլ դրանք):

Ազգությամբ բրազիլացի հայ դերասանուհի

Աշխարհացրիվ հայության համար նման ցանկացած անվանում ցավալի է, այդուհանդերձ լեզուն հակիրճություն է սիրում` բրազիլահայ, ֆրանսահայ, ամերիկահայ… Բայց ոչ երբեք` թուրքահայ, միմիայն` արևմտահայ (լեզուն նաև քաղաքականությունից զերծ չի մնում, իսկ սա արդեն վերաբերում է մեր համազգային իրավունքներին):

Թեևբայց, այնուամենայնիվ

Թեև-ի գործածումն անտեղի է դարձնում այլ շաղկապի առկայությունը. «Թեև արքայադուստրն այդ մասին զգուշացրել էր` պալատականները նրա խոսքը զանց առան»:

Օտարազգի բառեր

Երջանիկ բառեր, ազգություն ունեն: Իհարկե խեղաթյուրում է, դրանք ոչ թե օտարազգի են, այլ «օտարամուտ», այսինքն օտար լեզվից մեր լեզու մուտք գործած:

Հնչեղություն

Որևէ մեկի արարքի կամ ինչ-որ երևույթի հնչեղ`   նշանակալի լինելը, անշուշտ, բնորոշվում է հենց այս բառով: Օրինակ. «Կոնգրեսականի այդ քայլը ամերիկահայության շրջանում մեծ հնչեղություն ստացավ»: Բայց. «Երգչուհու ձայնի հնչողությունն աչքի էր ընկնում բել կանտոյի կատարյալ տիրապետմամբ»: Երգչուհու ձայնի մասին խոսելիս նկատի է առնվել ոչ թե դրա բարձր լինելը, այլ հնչման որակը` հնչող-ությունը:

Կախված է նրանից, թե

«Կախվել»-ը շատ որոշակի իմաստ ունի, պետք է որոշակի խոսքաշարում էլ այն զետեղել. «Առաստաղից կախված ջահը հանկարծ ցնցվեց»:

Դժվար չէ կռահել, որ խնդրահարույց միտքն արտահայտելու համար այլ բառ է հարկավոր, օրինակ. «Նրա հաջողությունը պայմանավորված է աշխատասիրությամբ» (ոչ թե կախված է աշխատասիրությունից, որը ռուսերեն բնագրում հնչում է, իսկ մեր լեզվում վերածվում զավեշտի):

Հանձինս նրա

Արմատն «անձ» բառն է: Նրա անձի միջոցով նկատի է առնվում այլ անձ կամ անձինք: Ս-ն բառին ավելանում է, եթե անձնավորում է շատերին: Հակառակ պարագայում ճիշտ է եզակին: «Հանձինս պատգամավորների», բայց` «հանձին թոշակառուի»:

Գալիս է հաստատելու

Ոչ ոք և ոչինչ չեն գալիս, կարճ ու հստակ` հաստատում են:

Բերելու է քայլերի

Հանգեցնելու է քայլերի, որոշման, եզրակացության:

Ոչ մեկ

Վերաբերում է մարդուն, ճիշտ է` «ոչ մեկը»: «Ոչ մեկն այդ մասին չի խոսում»:

Թանգարանում ի ցույց դնել

«Ի ցույց դնել» -ը խորհրդային պատժամիջոց էր, պետք է որ այլևս գործածական չլինի: Բայց արի ու տես` ոմանք հիշում են ու.. սխալ կիրառում: Թանգարանում ցուցադրում են, և ցուցանմուշների համար դա պատիժ չէ` գոյության լավագույն եղանակն է:

Պապու, տղու, երեխու

Խոսակցականը, բարբառներն ու ժարգոնն արդեն խուժում են քերականական կառույց, ավերում լեզվի հիմքերը: Դրանք պետք է մեր բառագանձը հարստացնեին, սակայն տվյալ պարագայում աղճատել են: Այս գոյականների սեռական հոլովը կազմվում է ավանդականի նման` պապի, տղայի, երեխայի:

Վեպ նյութել

Հիրավի, շատերը ոչ միայն վեպ են նյութում, այլև բանաստեղծություն, երաժշտություն, քանդակ ու ներկայացում: Սակայն իսկական արվեստագետը ծուղակի ու ստորության հետ գործ չունի` նա ստեղծագործում-աստվածանում է: «Նյութել» բառն իմաստափոխվել է, այժմ հարկավոր է զգուշությամբ գործածել:

Հետ կապված

Տարածված ռուսաբանություն է` ցանկացած բան ինչ-որ բանի հետ կապվում է, այնինչ ավելի խոսուն է «առնչվել» բառը, նաև` «շաղկապվել»-ը:

Նախարարն իր մոտ է

Ֆիզիկայի օրենքներով գուցե սա հնարավոր է, սակայն հայոց լեզուն նման հնարավորություն չի ընձեռում: Նախարարն անշուշտ իր աշխատասենյակում է: Հերքել չարժե` նախադասությանը մի երկարաշունչ բառ է ավելանում, բայց սա այն եզակի դեպքերից է, երբ հակիրճությունը զոհաբերվում է հանուն իմաստի: Լեզուն ևս զոհեր է պահանջում:

Անկեղծ ասած

Մենք անկեղծանալու հակված ազգ ենք, ու պատահական չէ, որ այս արտահայտությունն անչափ շատ ենք արտասանում: Ցավն այն է, որ շատ քչերն են դա ճիշտ անում, պետք է ասել` «անկեղծորեն ասած»:

Ամենավատթարագույն

Դպրոցում մեզ սովորեցրել են, այսօր էլ մեր թոռնիկներին են սովորեցնում, որ սա սխալ արտահայտչաձև է` կամ պետք է ասել «ամենավատ» կամ «վատթարագույն»: Այդպես է, ոչինչ չի փոխվել, պարտավոր ենք հարգել ոճական այս կանոնը:

Նրա մեղքի բաժինը

Մեղքը ոչ թե նրանն է, այլ ընդհանուր, հետևաբար հարկավոր է բառերն ըստ իմաստի դասավորել` «մեղքի նրա բաժինը»:

Ծերուկներն ու ծերերը

Ըստ ռուսական մտածելակերպի` պարտադիր չէ, որ ծերուկները ծեր լինեն: Դա պատվանուն է, որը տալիս են իրենցից ամենափորձվածին կամ հարգվածին: Նրանց մասին նաև հիանալի կինոնկար են ստեղծել: Բայց նույն այդ ֆիլմի ճակատին մեր թարգմանիչները գրել են` «Մարտի են գնում միայն ծերերը»: Ոչինչ, որ այդ մարտիկների շարքում մեկ, թե երկու ծերունի կար, մյուսները ծերուկներ էին, այսինքն կոփվածներ: Չնայած սույն աղավաղմանը` բառին պարտավոր ենք վերադարձնել իսկական իմաստը:

Նրա իրավիճակը վատ է

Վիճակ և իրավիճակ բառերի տարբերությունն ընկալելու համար փորձենք հիշել սոսկ մեկ նրբերանգ. իրավիճակն ավելի շատ քաղաքական ենթիմաստ ունի, իսկ վիճակը` սոցիալական: «Իրաքի պայթյունավտանգ իրավիճակը միջազգային հանրությանն ստիպում է գործնական քայլեր ձեռնարկել»: «Ծեր կնոջ ողբալի վիճակը գրավեց բարերարների ուշադրությունը»:

Շրջակա միջավայրի պաշտպանություն

Պաշտպանում են հայրենիքի սահմանները, իսկ շրջակա միջավայրը պահպանում են: Անշուշտ կարելի է պահպանությունն իրականացնել պաշտպանությամբ, բայց հասկացությունները խառնելու և բառախաղ անելու կարիք չկա, քանզի հայերենում կարևոր է ամենաչնչին նրբերանգն անգամ: Իսկ այս պարագայում իմաստային խոր տարբերություն կա:

Ի դերև եղան

«Ի դերև ելնել»  նշանակում է իզուր անցնել, հույսերը չարդարանալ, հուսախաբ լինել: Համապատասխանաբար` գործածվում են «ի դերև ելան», «ի դերև կելնեն»  և այլ ձևեր: Տեղին է ոչ թե «լինել», «եղան», «այլ ելնել, ելան»  բառերը: «Նրա սպասումներն ի դերև ելան» ` չարդարացան, զուր անցան:

Պարտքի զգացողությո՞ւն

Հասկանալի է` ոչ. զգացողությունը կարող է լինել, օրինակ, քաղցի, ցրտի, պաշտպանվածության կամ անօգնականության: Պարքը զգում են, դա զգացում է:

Նրան մեծ ապագա է սպասվում

Սխալն սկսվում է օտարաբանությունից, որովհետև ավելի ճիշտ կլինի ասել` նա մեծ ապագա կունենա: Բայց քանի որ «սպասել»  բայը տիրականորեն մտել է մեր լեզվի մեջ` գոնե պարտավոր ենք տեղին կիրառել. «Նրան մեծ ապագա է սպասում»: «Այս ամռանը սաստիկ շոգեր են սպասվում»:

Ապագա ծրագրեր ու անելիքներ

«Ապագա»  լրացումը բացարձակապես ավելորդ է, քանի որ «ծրագիր»-ը և «անելիք»-ը չեն կարող ոչ անցյալին, ոչ էլ ներկային վերաբերել, դրանք նախանշում են հենց ապագան (ծրագրի «հին» կամ «անցած» լինելը կարելի է այս ածականներով ընդգծել):

Մարդասիրական աղետ

Որ մարդասիրական օգնություն լինում է` իրապես իմացանք 1988-ի կործանարար երկրաշարժից հետո: Բայց որ աղետը ևս կարող է մարդասիրական լինել… Հասկանալի է` թյուրիմացության տեղիք տալիս է «հումանիտար» բառի պատճենումը: Այս պարագայում բառը կարելի է անտեղի համարել և չօգտագործել: Վերջիվերջո աղետալի է այն ամենը, ինչն առնչվում է մարդուն, նրա կենսակերպին ու ճակատագրին:

Դուստրս ճանապարհորդության է մեկնել

Ամենայն հավանականությամբ այդ հետաքրքրասեր դստրիկն ընդամենը ճամփորդում է, շրջագայում, վայրից վայր ուղևորվում և հիանում դրանց գեղեցկությամբ կամ տարաշխարհիկությամբ: Մինչդեռ ճանապարհորդությունը որոշակի` հիմնականում  գիտական նպատակ ունեցող, մանրակրկիտ մշակված ուղերթ է: Պետք չէ դրանք շփոթել:

ՄԱԿ

Հապավումը կարդացվում է` Միավորված ազգերի կազմակերպություն: Հաճախ «միավորված»-ը փոխարինում են «միացյալ»-ով, դա սփյուռքյան ծագում ունի և անհարիր է կազմակերպության բովանդակությանը. ազգերը ոչ թե միացյալ են, այլ միայն` միավորված, այսինքն ընդհանուր շահեր ու նպատակներ ունեն:

Մեծատառամոլություն

Սխալ է նաև հարադրությունների բոլոր բաղադրիչները մեծատառով գրելը: Հայերենում մեծատառով է գրվում լոկ առաջին բառը` Կարմիր խաչ, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա, Համաշխարհային բանկ, Բժիշկներ առանց սահմանների: Բացառություն են երկրների անվանումները` Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ  Նահանգներ և այլն: Թերևս նկատեցիք, որ ՄԱԿ-ի սխալ «միացյալ»-ը ԱՄՆ-ի անվանումից է գալիս:

Փոքրատառամոլություն

Ընդունված է Ազգային ժողով-ը պատվել մեծատառով, եթե անգամ նախորդում են Հայաստանի Հանրապետություն բառերը: Իսկ օրինակ կառավարություն-ը, ինչպես նաև նախարարությունների անունները գրում ենք փոքրատառով: Հաճախ մեծատառի են արժանանում նախարարությունների վարչությունները կամ կենտրոնները, կազմակերպությունները, մանր-մունր ձեռնարկությունները, երբ նույն խոսքաշարում գլխամասային մարմնի անունը գրվում է փոքրատառով: Ավելի պատշաճ կլինի պահպանել գրության հետևյալ տարբերակը՝ Նախագահի աշխատակազմ, Նախագահ, Վարչապետ, Կառավարություն, Կրթության և գիտության նախարարություն, ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Ազգային գրադարան և այսպես շարունակ: Կրթվածությունն սկսվում է արժեքները հարգելուց:

Ես համոզված էի, որ նա ստում էր

Ստում է: Բայի ժամանակները պետք չէ մեխանիկորեն նույնացնել: Օրինակներն անհամար են և բազմազան, խորհուրդ ենք տալիս այս առթիվ քերականության դասագիրքը բացել և ժամանակները վերհիշել:

Եթե գնաց` կտեսնի

Անհամատեղելին համատեղված չէ, բայի ժամանակներն են շփոթած: Եթե գնա` կտեսնի. սա է ճիշտ հայերենը:

Շոու բիզնեսի մանկապարտեզ

Մեր երգիչների անունների թվարկումը (անձնական վիրավորանք հասցնելուց խուսափելու համար դրանք չնշենք) երկու մտորման տեղիք է տալիս. կամ նրանք իտալացի են, կամ դեռ` մանկապարտեզի տարիքում: Որովհետև մեկ իտալացիների անուններն են ո-ով վերջանում, մեկ էլ հայ մանուկների փաղաքշական մականունները: Միակ հասուն երգիչը կարծես թե Արթուր Հակոբյանն է` տարիք առնելով ու վարպետանալով` նա թե դիմակից հրաժարվեց, թե պատանեկան անունից:

Ռ ռ ռ ռ ռ ռ ռ

Հատուկ է միայն կանանց` թե բեմում, թե խոհանոցում ու վարսավիրանոցում: Մառա, Նառա, Զառա, Կառա … Նույնիսկ եթե հայկական անունները կրճատելը կենցաղային անհրաժեշտություն է` դա պետք է անել մեր լեզվին չդավաճանելով, այս դեպքում` ր-ն պահպանելով. Մարա, Նարա, Զարա, Կարա…

Գրող, հրապարակախոս

Սա ևս համաճարակային երևույթ է. ժամանակակից ցանկացած գրողի մասին խոսելիս կամ գրելիս, անպայման հավելում են` «հրապարակախոս»: Մարդը չի կարող ճշմարիտ գրող լինել, եթե հրապարակախոս չէ: Այդ երկու հասկացություներն այնպես են շաղկապված, ինչպես ուղեղը և միտքը, ծառը և տերևը, երկրագունդը և արևը: Իսկ եթե մեկն ինչ-որ անծանոթ բնագրից գիրք է սարքել ու դեռ հրապարակախոս էլ ուզում է հորջորջվել` լավ կանի գոնե մի հատիկ նման հոդված մատնացույց անի: Իրենց գործն է, բայց նրանց մասին խոսողներին խորհուրդ ենք տալիս «հրապարակախոս» բառին վերաբերվել ծայրաստիճան հարգանքով:

Հոգնակիեզակի

Գոյականի թիվն արդի հայերենում ոչ թե հակասությունների թնջուկ, այլ իսկական ճահիճ է առաջացրել, որտեղ պարտակվում են ամենաաներևակայելի գյուտարարություններն ու անմտությունները: Եվ ինչպես միշտ` դերակատարները լեզվից ու գրագիտությունից շատ հեռու հաղորդավարիկներն են կամ ավելի ճիշտ` նրանց առջև եթերային կանաչ լույս վառող անտեղյակները: Ինչևէ, փորձենք առանց քերականական խորխորատներում դեգերելու հստակեցնել, թե այս ոլորտում ինչ օրինաչափություններ ու միտումներ են իշխում:

Շարունակելի …

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, Լուրեր, Խախտումներ, Հատուկ, Տերմինաբանություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.