Հայաստանում վտանգված են հայերեն իմացողները

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը խորհրդարանում ներկայացրել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ըստ օրենքի նախագծի` նախատեսվում է պարզեցնել քաղաքացիություն ստանալու կարգը, մասնավորապես օրենքի ընդունման դեպքում հայերենի և սահմանադրության իմացությունը պարտադիր հանգամանք չի լինի:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սարդարապատ նախաձեռնության անդամ Լալա Մնեյանից:

«Ինձ թվում է, որ պետությունը ոչ թե պետք է օրենքի մեջ փոփոխություն կատարի` հարմարվելով քաղաքացիներին, այլ պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի, այնպես անի, որ հայերեն չիմացող քաղաքացիները սովորեն հայերենը կարճ ժամկետում: Այդ փոփոխության հնարավոր կատարումը անընդունելի եմ համարում: Այսինքն` իրենք իրենց անգործունեության պատճառով ստիպված են լինում հարմարվել»,- նշեց նա և հավելեց.

«Առանց այն էլ նրանք, ովքեր հայերենն ու սահմանադրությունը գիտեն, նրանց հայ լինելու պարագան է վտանգված, առավելևս կվտանգվի հայերեն ու սահմանադրությունը չիմացողներինը»:

Հիշեցնենք, որ Արթուր Օսիկյանը հայտնել էր` «Լինում են հայրենասեր հայեր, ովքեր հայերենի իմացության հարցում դժվարանում են, և նման մարդկանց քաղաքացիություն չտալը մեղմ ասած սխալ է»:

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, Լուրեր, Հատուկ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.