ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՅՐԵՐԻՆ, ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընթերցողը միանգամից կարող է հարց տալ. ի՞նչն է միավորում հիշյալներին կամ ի՞նչ ընդհանուր բան կա նրանց միջեւ, բացի ՀՀ-ում ապրելու փաստից: Անմիջապես պատասխանեմ` նրանց համար ընդհանուր է նաեւ անտարբեր վերաբերմունքը հայոց պետական եւ ազգային միակ լեզվի նկատմամբ: Չվրդովվեք այս եզրակացությունից: Մի քիչ ազգային արժանապատվություն ունեցող հայազգի մարդը քիչ հետո ինքը կհամոզվի դրանում:

Վերջերս տոնեցինք ու դեռեւս շարունակում ենք տոնել ՀՀ վերանկախացման 20-ամյակը: Բայց արդյո՞ք մեր պետությունն անկախ է, ավելի ճիշտ` ունե՞նք անկախության` իբրեւ բացարձակ արժեքի գիտակցությունը: Իմ համոզմամբ` ոչ: Դրա ամենից աղաղակող ապացույցներից է ներկա մոտեցումը հայոց լեզվին` այդ լեզվի հայրենիքում, այն էլ` հայոց արժեհամակարգում նրա առանցքային դերի մասին օրնիբուն խոսող պետական այրերի ու բարձրաստիճան հոգեւորականների լուռ, բայց եւ բացահայտ մեղսակցությամբ:

ՀՀ վերանկախացման հռչակումից անցել է ավելի քան 20 տարի, ՀՀ-ում բջջային կապի ներդրումից` ավելի քան մեկ տասնամյակ, սակայն բջջային կապով փոխանցվող բոլոր հաղորդագրությունները (օտար բնորոշումով` SMS-ները) կատարվում են բացառապես լատինական տառերով, իբր թե հայոց լեզվով: Սա խայտառակություն է ՀՀ-ի` հայկական դառնալու կոչված պետության համար, իսկ մեծագույն հայհոյանք` հայոց ամենասուրբ սրբի` Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակի հանդեպ: Զարմանում եմ, թե Հայ եկեղեցու հոգեւորականները չե՞ն ամաչում խունկ ծխել ու աղոթք մատուցել Մաշտոցի ամենալուսավոր դամբարանի մոտ, մինչդեռ շարունակում են մեծ տոների առթիվ մեզ շնորհավորել լատինական այբուբենի գրերով:

Հրապարակայնորեն հարց եմ ուղղում հիշյալներին` ի՞նչն է մեզ խանգարում պարտադրելու մեսրոպյան տառերով հայերենի ներդրումը բջջային հաղորդագրություններում: Համոզված եմ` միայն եւ միայն մեր ստրկամտությունը: Եկեք դրա համար չմեղադրենք միջազգային մութ ուժերին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Եվրոմիությանը, Ռուսաստանի Դաշնությանը կամ … այլմոլորակայիններին:

Դիմում եմ ՀՀ նախագահին, որ ատենին ավարտել է հայկական բանասիրության ֆակուլտետը. դուք, իբրեւ հրապարակայնորեն ՀՀ սահմանադրությունը հարգելու երդում տված անհատ եւ իբրեւ հայկական բանասիրության մասնագետ, անհարմար չե՞ք զգում, որ ՀՀ-ում բջջային կապի ոլորտում (դժբախտաբար, դա միակ բնագավառը չէ) համատարած կիրառվում է լատինական այբուբենը: Այսպե՞ս եք հարգում ՀՀ սահմանադրության 12-րդ` «լեզվական» հոդվածն ու Լեզվի օրենքը, որի առաջին իսկ հոդվածը սահմանում է, թե հայոց լեզուն պարտադիր է կիրառման ՀՀ-ում կենսագործունեության բոլոր (շեշտում եմ` բոլոր) բնագավառներում: Իսկ քանի որ բջջային կապի ոլորտում հայոց գրերը չեն կիրառվում (առանց մաշտոցյան գրերի` չի կարող հայերեն լինել), նշանակում է երկուսից մեկը` կամ բջջային կապը մաս չի կազմում կենսագործունեության, կամ էլ` թքած ունենք ՀՀ սահմանադրության եւ օրենքների վրա: Ցավոք սրտի, երկրորդն է դառն ճշմարտությունը:

Մի հարց էլ ուղղում եմ Լեզվի պետական տեսչությանը. մեր` հարկատուներիս գումարներով գոյատեւող, ձեր (չ)գործող կառույցը բջջային կապի ներդրումից սկսած որոշակի ի՞նչ քայլեր է ձեռնարկել դրանում հայոց տառերի պարտադիր կիրառման ուղղությամբ, եւ, եթե նման քայլեր արվել են (ինչին հույժ կասկածում եմ), ինչո՞ւ դրանք չեն արդյունավորվել եւ ի՞նչը կամ որո՞նք են արգելակել դրան: Ես, իբրեւ հարկատու, իսկ դուք, իբրեւ իմ կողմից` որոշակի աշխատանք կատարելու համար վարձված աշխատողներ, պահանջում եմ ինձ հաշվետվություն ներկայացնել ձեր (չ)կատարած աշխատանքի համար:

Բավարար չէ անկախություն հռչակել, անկախություն տոնել, սուրբ թարգմանիչների տոն նշել, հայոց այբուբենի տառերի «անտառ» կանգնեցնել, ճոռոմ բառերով ու վերամբարձ ոճով ճառեր արտասանել եւ նման խաղքություններ անել: Հարկավոր է գործնականում ապացուցել, որ մենք իսկապե՛ս հարգում ենք մեր պետության սահմանադրությունն ու օրենքները, Հայ եկեղեցու սրբերին:

Նման ամոթալի փաստը շատ վատ տպավորություն է թողնում սփյուռքից ՀՀ այցելող մեր հայրենակիցների` հայոց ազգային արժեքներին նախանձախնդիր հատվածի վրա: Նրանցից ոմանք ինձ այպանել են նման փաստի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու համար: Նրանց բացատրում եմ, որ բազմիցս հրապարակայնորեն հանդես եմ եկել այս արտառոց իրողությունը վերացնելու պահանջով, բայց ասածներս ու գրածներս շան տեղ չեն դրել (ս. թ. մայիսի 22-ին, Շենգավիթ վարչական շրջանի սպորտային համալիրում անցկացված «բոլոր տեսակի շների միջազգային ցուցահանդեսը» վարվեց ռուսերենով, ինչը դատապարտող գրությամբ հանդես եկա «Լուսանցք» շաբաթաթերթի 2-9 հունիսի համարում, սակայն` գրածս շան հաչոցի իսկ արժեք չունեցավ լծակատեր պետական ծառայողների համար):

Այստեղ արժե բերել Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի օրինակը: Ուղիղ եթերով հեռասփռված հազվադեպ մի հարցազրույցում, պատասխանելով պետական հեռուստատեսության լրագրողի` երկրում բջջային կապի ներդրման ուշացման մասին հարցումին, նա պատասխանեց, թե պետական համապատասխան մարմինները աշխատանք են տանում երկու ուղղությամբ` վնասազերծել կամ նվազագույնի հասցնել նման կապի ներդրումով երկրի անվտանգությանն սպառնացող վտանգները եւ հենց սկզբից ապահովել արաբերենով (հասկանալ` արաբերեն այբուբենի տառերով. արաբի համար անհեթեթ կհնչի որեւէ այլ այբուբենի տառերով արաբերենի գոյության հավանականությունն անգամ) բջջային կապի բոլոր գործառույթները: Այսինքն` Սիրիայի նախագահը նույն հարթակում էր դիտարկում պետական անվտանգությունն ու արաբերենի կիրառումը: Նա այնքան խելոք էր, որպեսզի հասկանար, թե արաբերենի չկիրառումը նույնքան, եթե ոչ ավելի վտանգավոր է սիրիական պետության համար: Իսկ մեզանո՞ւմ… Ամաչում եմ, երբ որոշ հարցերում մեզ համեմատում եմ ոչ միայն արաբների, այլեւ մինչեւ վերջերս վայրենի ճանաչված հավաքականությունների հետ եւ տեսնում, թե նրանց գիտակցությունը ավելի բարձր է մեզանից` շատ հարցերում, մինչ մենք պարծենում ենք մեր հին, շատ հին ազգ լինելու անցյալապաշտությամբ` մոռանալով ներկան ու չմտածելով անգամ վաղվա մասին…

Սույնով դիմում եմ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուներին` պահանջելով իմ բջջային հեռախոսահամարին չուղարկել շնորհավորանքներ ոչ մեսրոպյան այբուբենի տառերով (հեռախոսահամարս կարող եք ստանալ «Ազգի» խմբագրությունից): Սիրով ու շնորհակալությամբ կընդունեմ նույները` միայն եւ միայն մեսրոպյան տառերով հայերենով: Ի՞նչ է կատարվում. Քրիստոսի սուրբ ծննդյան կամ հրաշափառ հարության տոների առթիվ իմ ուրախությունը միանգամից վերափոխվում է կատաղության, երբ Մայր աթոռից էլեկտրոնային հաղորդագրություն եմ ստանում լատինատառ «հայերենով»: Ոչ ոք իրավունք չունի իմ ուրախությունը պղտորելու, Մայր աթոռի պատասխանատունե՛ր: Եթե շարունակեք այս ծաղրին իմ կամքին հակառակ ինձ մասնակից դարձնել, խոստանում եմ հրապարակավ պախարակել ձեզ: Իմ համոզմամբ, հայոց լեզուն հայ ազգի համար այն է` ինչ Սուրբ Հոգին քրիստոնեական «Աստված» հասկացության համար: Աստվածորդին հայտարարեց, թե ամեն մեղք ներման է արժանանալու, բացի Սուրբ Հոգուն անարգելուց: Հեռու ինձնից համեմատությունը Փրկչի հետ, սակայն նրա նմանողությամբ հայտարարում եմ` ներելի են բոլոր մեղքերըՙ բացի հայոց լեզուն անարգելուց:

Պարոնայք ղեկավարնե՛ր եւ բարեշնորհ, հոգեշնորհ, գերաշնորհ, վեհափառ հայրե՛ր, բոլորիցդ պահանջում եմ մինչեւ այս տարեվերջը ապահովել հայոց տառերով բջջային կապի իմ սահմանադրական իրավունքի կիրառումը, այլապես` սկզբում կօգտվեմ ՀՀ օրենսդրությամբ ինձ տրված հնարավորություններից` հասնելու իմ պահանջի բավարարմանը:

Հ. Գ. Երբ պատրաստվում էի ստորագրել այս գրությունը, ստացա էլեկտրոնային հաղորդագրություն ՀՀ-ում մարդահամարն անցկացնող պետական մարմնից` նորից եւ նորից լատինատառ «հայերենով»: Չկարողացա զսպել զգացմունքներս եւ յոթհարկանի հայհոյանքներ ուղղեցի անորոշ հասցեներով… Մինչեւ ե՞րբ են շարունակվելու իմ ու հայոց լեզվի տվայտանքներն ու բռնաբարումը ՀՀ կոչվող պետության մեջ, թե՞ ուզում եք, որ ես էլ թողնեմ գնամ երկրից: Պատասխանե՛ք, պարոնա՛յք: Պահանջո՛ւմ եմ: Վստահեցնեմ ձեզ, որ ոչ մեկ դեպքում չեմ գնա իմ հայրենիքից: Այս հողը, ինչպես եւ հայոց լեզուն, նաեւ իմ սեփականությունն են, եւ ոչ ոքի, հայանուն թե այլ, չեմ թողնի, որ բռնանա իմ սեփականությանը: Հասկացա՞ք:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 29-11-2011
www.azg.am

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Գործարարություն, Զանազան, Իրավական, Խախտումներ, Հատուկ, Հրապարակախոսական, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.