Վրաստանի մանկապարտեզներում արգելվում է օտար լեզվի ուսուցումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի սոցիալական սպասարկման և մշակութային ծառայության ղեկավար Մամուկա Կացարավան հայտարարել է, որ մանկապարտեզներում ներդրվում է երեխաների ուսուցման նոր մեթոդոլոգիա, որը հենված է մինչև 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչների վրա։ Վերջիններս համատեղ մշակվել են Վրաստանի կրթության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների կողմից։

Կացարավան նշել է, որ այդ չափորոշիչների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների համար խորհուրդ չի տրվում օտար լեզվի ուսուցումը։ Այն պետք է սկսվի 6 տարեկանից։ Այդ պատճառով էլ, ինչպես հայտարարել է Կացարավան, հոկտեմբերի 15-ից մանկապարտեզներում արգելվելու է օտար լեզվի ուսուցումը։

Կացարավան հավելել է, որ եթե ծնողները համապատասխան ցանկություն ունենան, ապա նրանք ինքնուրույն կարող են դաստիարակ վարձել։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Վրաստանում լուրեր էին շրջանառվում, թե մանկապարտեզները դառնում են պարտադիր դպրոցից առաջ, սակայն կրթության նախարար Դմիտրի Շաշկինը հերքել էր դա՝ նշելով. «Պետությունը չի միջամտում ծնողների և երեխաների փոխհարաբերություններին, եթե խոսքը երեխաների հանդեպ գործադրվող բռնությունների մասին չէ»։

 
Գրառումը կատարվել է Լուրեր, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.