ՍԱԳԱ ԲԻՆԳԼԻՇԻ ՄԱՍԻՆ

Կալկաթայի լրագրողների, գրողների և արվեստագետների հետ շփումների ժամանակ բազմիցս եմ նկատել, որ նրանք գովեստով են արտահայտվում Դաքայի` որպես բենգալերենի հայելու մասին: Նույնիսկ բենգալերեն ստորագրությունս նկատելով` Կալկաթայում հյուրանոցի կառավարիչն արցունքախառն բացականչեց.

–Դո՜ւք, բանգլադեշցիներդ իրապես այդ լեզվի պատիվը բարձր եք պահել:

Մի տարեց լրագրող էլ հիասթափությամբ պոռթկաց նույն Կալկաթայում բենգալերեն լեզվի ներկա վիճակի կապակցությամբ, թե ինչպես են հարուստ ոչ բենգալացիները ձեռք գցել նորակառույց թաղամասերն ու նույնիսկ գաղութացրել Ռաբի Թակուրի (Ռաբինդրանաթ Թագոր) Շանտինիկատանը[1]` կառուցելով առանձնատներ բենգալերեն լեզվի և մշակույթի հանրահայտ դպրանոցի կողքին:      

1952 թվականին բենգալերեն լեզվի համար մղվող պայքարի հաղթանակը ներշնչեց Հնդկաստանի բենգալախոս շրջաններին պահանջել, որպեսզի բենգալերենը ճանաչվի պետական լեզու:

Փետրվարի 23-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր և համայն աշխարհին հիշեցնում մշակութային համաշխարհայնագաղութացման հետևանքով վտանգված լեզվական իրավունքների վերականգնման կարևորության մասին: Այդ պայքարի շնորհիվ բենգալերենն աշխարհում չորրորդն է` լեզվով խոսողների թվաքանակով:

Բենգալացիներն այնքան խանդավառված են իրենց լեզվով, որ միջազգային համաժողովների ժամանակ հաճախ կարելի է տեսնել երկու անծանոթ բենգալացիների` մայրենիով իրար հետ զրուցելիս առանց շրջապատի վրա ուշադրություն դարձնելու: Ես հանդիպել եմ նաև բենգալացի ծնողների, որոնք փափագում են օտար միջավայրում` լինի Միջին Արևելք, Եվրոպա թե Ամերիկա, մեծացող իրենց զավակներին փոխանցել բենգալերեն լեզուն և մշակույթը, տոնել բենգալական Նոր տարին և փետրվարի 21-ը[2]:Վերջին ժամանակները բենգալագիր բլոգները և էլեկտրոնային լրատվամիջոցները մտահոգված են լեզվի վեհության ամրապնդմամբ: Բենգալիայից դուրս բնակվողներն անպայմանորեն իրենց այցը հայրենիք պլանավորում են բենգալերեն լեզվին նվիրված ամենամեծ միջոցառման` գրքի «Էկուշ» տոնավաճառի ժամանակ:

Այս ամենը հավասարազոր է այն բանին, որ լիովին իրավունք ունենք երջանիկ լինել մեր լեզվի շարունակականության համար, հատկապես, երբ ինքներս մեզ համեմատում ենք Կալկաթայի մեր բենգալացի եղբայրների հետ, ովքեր իրենց զգում են օտարալեզու ներխուժման զոհ: Եվ սակայն Դաքայում նույնպես ինչ-որ բան այնպես չէ: 

2008 թ. «Էկուշ» գրքի տոնավաճառի առաջին օրը ես և գործընկերներս աշխատում էինք տոնավաճառի տարածքում տեղակայված շրջիկ լրատվասենյակում: Որոշ ժամանակ անց այլևս անհնար դարձավ հանդուրժել հարևան FM ռադիոտաղավարում հնչող երաժշտությունը: Գլխավոր խմբագիրները նույնիսկ հրաժարվեցին մեզ հետ աշխատել` շրջակայքից հնչող աղմուկի և լեզվի աղտոտվածության «նողկանքից »: Իրավիճակն առավել գռեհիկ դարձավ, երբ բեմ ելան երկու ռադիոմիմոսներ` կապկելով Շահրուխ Խանի և Կարինա Կապուրի աստղային ժպիտները: Դիրքավորվելով ռազմավարական մի անկյունում` սկսեցին երիտասարդ ամբոխին ուղղված իրենց մենախոսությունը: Այդ ցուցամոլ ելույթը փչացրեց մեր «Փոքրիկ հանդես » անվամբ տաղավարի ողջ մշակութային մթնոլորտը:

Փորձեցինք լսել նրանց թշվառ խոսքը, սակայն չկարողացանք հասկանալ մեր ականջին անծանոթ հնչյուններով լի անգլախեղդ բենգալերեն լեզուն: Յուրաքանչյուր նախադասությունը կազմված էր աղճատված բենգալերեն բառերից և սխալ գործածված անգլերեն արտահայտություններից, որոնց միակցված էին անմարդկային ծիծաղի հնչյուններ: Զգալով մեր շրջիկ լրատվասենյակի գործընկերների տառապանքը և կատաղությունը` ստիպված էի համեստորեն խնդրել FM ռադիոտաղավարին կրճատել աստղաշռինդ միջոցառումը: Ինչ թաքցնեմ, նրանք կատարեցին խնդրանքս: Բայց ես հանկարծակիի եկա, որ այդ նորելուկ բինգլիշ լեզվին հաջողվել էր ժողովրդականություն ձեռք բերել:       

Լավ կլինի չշեղվեմ և չփորձեմ տալ փոփ մշակույթի սահմանումը: Բավական է ասել, որ, եթե մանկապարտեզի բակում կապիկ ցույց տան, բնականաբար երեխաները դուրս կվազեն` դիտելու: Իսկ եթե դա շարունակվում է ընդմիշտ, երեխաների մեծ մասն այլևս մանկապարտեզ չի վերադառնա, քանի որ ժամանակի ընթացքում կապիկը կդառնա ավելի հանրաճանաչ, քան նրանց դաստիարակները: Նմանապես, ժամանակին, երբ «Ցանկասեր գնչուհու» նման բենգալական ֆիլմի տոմսերն անմիջապես սպառվում էին տոմսարկղերում, մարդիկ հրաժարվում էին Զահիր Ռայհանի «Ջիբոն Թեքե Նեյա» հանճարեղ ֆիլմը դիտել:  Երբ Մոլիերի կատակերգությունների էժանագին վերամշակումները սկսեցին ողողել Դաքայի կենտրոնական կինոթատրոնները, մարդիկ այլևս չէին ցանկանում դիտել Սելիմ Ալ Դինի նման բենգալական թատրոնի լեգենդար գործիչների ստեղծագործությունները: Հենց որ երիտասարդները տրվեցին անհոգի նվագախմբային երաժշտական համերգներին, մոռացության մատնվեցին մեր լեգենդար Կալիմ Շարաֆին կամ Ֆարիդա Փարվինը: Երբ անպարկեշտ պարերը ոչնչացնում են Ճատրան` մեր ազգային-ավանդական թատրոնը, իսկ հանրամատչելիությունը դառնում է ամեն ինչի չափաձողը, հեռու չէ այն օրը, որ բինգլիշը որպես ենթալեզու և մշակույթ իր իրավունքներն սկսի պահանջել:     

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ անգլալեզու դպրոցներում աշակերտներն սկսեցին միմյանց հետ այդ աղավաղված շաղախով խոսել: Նրանց ծնողները, ովքեր անտեղյակ էին և հավատացած, թե իրենց երեխաների բարգավաճման ուղին բենգալերենի սպանդն է, ուրախությամբ ընդունեցին բինգլիշի ծնունդը: Միառժամանակ բինգլիշը մնաց Դաքայի նորելուկ վերնախավի ձեռքում, սակայն այդ ենթալեզվով խոսողներին հաջողվեց վայ խելամտությամբ և մոդայիկ գրավչությամբ աստիճանաբար ճանապարհ հարթել դեպի հասարակության մյուս շերտերը: Եվ բինգլիշը դարձավ գերմոդայիկ: Մերօրյա աշխարհում ամեն «արդիական» բան ուտվում է: Բենգլիշն էլ հետ չմնաց:   

Այն անցավ բազմաթիվ FM ռադիոկայանների միմոս-հաղորդավարների ձեռքի տակով, ովքեր էլ բինգլիշը հանրածանոթ դարձրեցին: Հեգնանքը կամ ծաղրը (թողնում եմ ձեր գնահատականին) այն է, որ այդ միմոս-հաղորդավարների մեծամասնությունը չունի անգլալեզու կրթություն և ոչ էլ ծնվել կամ կրթություն է ստացել արտերկրում: Մրցակցությունը և բանականության պակասը ստիպում են նրանց մտապահել անգլերեն մի քանի տափակ հումորախառն բառեր, երբեմն էլ ամբողջ արտահայտություններ, ընդամենը որպեսզի դրանք խցկեն եթերում արտաբերած բենգալերեն զառանցանքի մեջ: Հետևաբար խեղաթյուրվում է բենգալերենի և անգլերենի շեշտադրությունը, իսկ նրանց ոչ կապակցված նախադասությունները հիմնականում իմաստ չեն արտահայտում:   

Հավանաբար, եթե մեր լեզվի համար պայքարող նահատակներն[3] իմանային, որ անիմաստ էին արյուն թափում, առնվազն մեկ անգամ ավել կմտածեին իրենց կյանքը զոհաբերելուց առաջ: Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ բինգլիշը մի օր բենգալերենի գլխին նման խաղ կխաղա:   

2009 թվականի փետրվարին, երբ դասընթաց էի անցկացնում Դաքայի մասնավոր համալսարանների մի խումբ լրագրող-ուսանողների համար, կրկին անակնկալի եկա, երբ նրանք հպարտությամբ ասացին, որ նյութեր չէին կարողանում գրել բենգալերեն, քանի որ անգլերենն էր իրենց ուսուցման լեզուն: Շատ լավ: Բայց, երբ թերթեցի նրանց գրավորները, էլ ավելի վրդովվեցի անգլերենի անբավարար և թերի իմացությունից: Ինձ ոչինչ չէր մնում անելու, քան ապավինել Ռաբինդրանաթ Թաքուրի իմաստնությանը` «Ավա՜ղ, զուր փորձելով անգլերեն սերտել, չիմացաք, որ բենգալերեն էլ չսովորեցիք»:

Սա ոչ այլ ինչ է, քան մեր իսկ ստեղծած խեղաթյուրումը` գաղութատիրության վախից մեզ չհաջողվեց անգլերեն ուսուցանել բենգալական դպրոցներում, իսկ գաղութատիրության ժառանգությունը մեզ թույլ չտվեց բենգալերեն ուսուցանել անգլալեզու դպրոցներում:

Լեզվաբան կամ գիտնական լինել պետք չէ` հասկանալու համար, որ առանց մայրենի լեզվին տիրապետելու ոչ ոք չի կարող իրապես ներծծվել մեկ այլ լեզվի մեջ: Բինգլիշն ընդամենն այս իրականության ողբերգական հետևանքն է:   

…………………………………..

  [1] Ռաբինդրանաթ Թագոր (1861-1941թթ.), հնդիկ պոետ, արձակագիր, դրամատուրգ և նովելիստ, Նոբելյան մրցանակակիր (1913թ.): Ծնվել է հարուստ բենգալացի ընտանիքում բրիտանական տիրապետության ժամանակ: Մեկ տարի Լոնդոնում իրավաբանություն ուսանելուց հետո թողել է համալսարանը: Նա խիստ հակակրանք է տածել արևմտականացված կաղապարային կրթության հանդեպ և Բենգալիայի աղքատ ու գյուղական Շանտինկատանում հիմնել է համալսարան:     

[2]1952 թվականի փետրվարի 21-ին չորս բենգալացիներ զոհվեցին բենգալերեն լեզվի համար կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ: Այդ օրը բենգալացիները նշում են բենգալերեն լեզվի տոնը:

[3] Հասարակության բոլոր խավերից մարդիկ գնում են հարգանքի տուրք մատուցելու լեզվի համար պայքարող նահատակներին` ծաղիկներ և ծաղկաշղթաներ դնելով Շահիդ մինարին (նահատակների հուշարձան): Հուշարձանը կառուցվել է բենգալերենը որպես պետական լեզու պահանջող երիտասարդների հիշատակին, ովքեր սպանվեց ին 1952 թվականին Դաքայի համալսարանում Արևելյան Պակիստանի կառավարության դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օրը:

Մասկվայթ Ահսան

www.ebangladesh.com

Հոդվածը թարգմանվել է հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար:

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գիտական նյութեր, ԼԺՏ-ի նյութերը, Կրթական համակարգ, Հրապարակախոսական, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.