ԳՈՆԵ ՄԵԿ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ ԴՊՐՈՑ ԿԱՐԵԼԻ Է՞…

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 18-07-2003

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորհրդային տարիներին ռուսական դպրոցների առատությունից ու ռուսացման վտանգից տրտնջացող հայերս այսօր այնքան ենք տարված օտար լեզուներին գերապատվություն տալու մոլուցքով, որ հաճախ մոռանում ենք հայերենի մեր իմացության թուլացման վտանգը։

Կրթական համակարգը ղեկավարողներին կարծես բնավ էլ չեն հուզում անցած տարի ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի արտահայտած մտահոգությունները գրավոր ու բանավոր հայերենի աղքատացման միտումների մասին։ Անտարբերության է մատնվել հանրակրթական դպրոցներում գրաբարի դասավանդում մտցնելու նրա առաջարկը։ Հայ անվանի գիտնականների կարծիքը հաշվի չառնելովՙ իրագործվում են կրթական այնպիսի ծրագրեր, որոնք ամենից առաջ մեզ հեռացնում են դարերի պատմություն ունեցող հայ ավանդական դպրոցի ավանդույթներից։

Նման մոտեցման պայմաններում միանգամայն բնական է, որ Երեւանում գոնե մեկ հայագիտական թեքումով դպրոց ունենալը պիտի դառնար մի քանի տարի շարունակ չարչրկվող խնդիր։

Այսպես, «Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպության կրթության հանձնաժողովը մշակել է հայագիտության թեքումով միջնակարգ դպրոցի կրթադաստիարակչական աշխատանքների հայեցակարգ։ Արդեն հինգ տարի փորձ է արվում կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցելով բացել մի սովորական հայկական դպրոց, որի սաներին կտրվեն հայագիտական խորը գիտելիքներ։

Թվում էր, թե հեշտությամբ պիտի իրականացվեր տարիներ շարունակ նման դպրոց երազողների փափագը, մինչդեռ իրական պատկերն այլ է։ Նախորդ իշխանություններն ազգային զարթոնքի ֆոնի վրա իբր թե փակեցին ռուսական դպրոցները, մինչդեռ դրանք կան, գործում են ռուսերենի խորացված ուսուցում անվան տակ։ Կրթական համակարգը հետընթաց ապրեց, ներդրվեցին տարբեր ծրագրեր, եւ ստեղծվեց այնպիսի խառնաշփոթություն, որից գլուխ հանելն առ այսօր դժվար է։

Ահա թե ինչու թվում է, որ կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցելու «Մաշտոց միավորման» փորձերն, ըստ էության, ապարդյուն են, որովհետեւ պետականորեն իրականացվում են ոչ հայանպաստ ծրագրեր։ Հայագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եւ հայերենագիտության զարգացումը ամուր հիմքերի վրա դնելու համար «Մաշտոց միավորումը» ձգտում է հանրակրթական դպրոցներից մեկը դարձնել այնպիսին, որտեղ հայագիտության համալիրը կազմող առարկաների խորացված դասավանդումը կազմակերպվի միջին եւ ավագ դպրոցում։ Հիմնական առարկաներից բացի, ուսումնական ծրագրում կընդգրկվեն վայելչագրություն, բարեկրթություն, հայկական պարարվեստ, ճարտասանություն, բանահյուսություն, ազգագրություն, գրաբարի հիմունքներ, հայոց լեզվի պատմություն, իմաստաբանություն, արտասահմանյան գրականություն, պետություն եւ իրավունք առարկաները։

Այդպիսի դպրոց ունենալը, ցավոք, արհեստական խոչընդոտներով է ուղեկցվում։ Հիմնական խանգարիչ հանգամանքը օտար լեզուների դասավանդման շեմը չփոխելու պահանջն է, այսինքնՙ օտար լեզուներ պետք է դասավանդվեն միմիայն առաջին դասարանից։ «Մաշտոց» միավորումը դեմ է այդ պահանջին այն հիմնավորումով, որ երեխաների բանավոր լեզվամտածողությունը ձեւավորվում է մինչեւ դպրոց գնալը, գրավորըՙ տարրական դպրոցում, ըստ այդմ էլ, նպատակահարմար է օտար լեզուներ անցնել չորրորդ դասարանից։

Կրթության նախարարությունը ոչ մի կերպ չի զիջում, անգամ հաշվի չառնելով, որ ծրագիր իրականացնողներն ապահովում են օտար լեզուների դասավանդման ընդունված մակարդակը։

Կրթական բարեփոխումների կենտրոնն, իհարկե, ողջունում է հայագիտության թեքումով դպրոց ստեղծելու նախաձեռնությունը, սակայն կարծիք է հայտնում, որ ներկայացված հայեցակարգում ու հիմնադրույթներում անտեսված են սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալի վերաբերյալ հանրակրթական դպրոցի հենքային ուսպլանում ներկայացված չափանիշները։ Կենտրոնի պահանջով հայեցակարգը վերանայելուց, ճշգրտելուց, պետական չափորոշիչներին համապատասխանեցնելուց եւ դրան կից բոլոր փաստաթղթերը հանգամանորեն հիմնավորելուց հետո միայն կներկայացվի կրթության եւ գիտության նախարարության հաստատմանը։

Ասել է, թե նման պահանջով «Մաշտոց միավորմանն» առաջարկվել է կրճատել տրամաբանություն զարգացնող առարկաներիՙ ֆիզիկա, մաթեմատիկա եւ այլն, ժամաքանակը, եւ դրա հաշվին ուսուցանել հայագիտական լրացուցիչ առարկաներ։ Միավորման կրթության հանձնաժողովը տարակուսանք է հայտնում «Կրթության բարեփոխումների կենտրոնի» տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի նման առաջարկի առիթով։ Մի՞թե պետական նվազագույն ծրագիր հասկացողություն գոյություն չունի եւ կամայականորեն կարելի է փոփոխել առարկայական ծրագրերըՙ անունը դնելով խորացված ուսուցում։ Նման պահանջով միավորումը անիրականանալի է համարում հայագիտության թեքումով դպրոցի բացումը։

Գրառումը կատարվել է Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.