
Լուսինե Սահակյան
Բանասիրական. գիտ. թեկնածու,
Հոդվածը լույս է տեսել «Ձայն համշենական» ամսաթերթում, 2011, NN 9-10 սեպտեմբեր-հոկտեմբեր։
2011թ. ամռանը ևս բարբառագիտական և ժողովրդագրական հետազոտություններ կատարելու նպատակով այցելեցինք Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառ և Չայելի (հնում՝ Մափավրի) գավառի Սենոզի շրջանի համշենցիների բնակավայրեր։ Մեր խմբի կազում էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը։
Սենոզի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են XVI դարի օսմանյան աշխարհագիր (Tahrir) մատյաններում։ Այն գրանցվել է Էքսանոս տարբերակով՝ որպես Համշեն գավառի գյուղախմբերից (նահիյե) մեկը[1], իսկ հայկական աղբյուրներում հիշվում է Սենոզոր[2] կամ Սենեձոր-Սէնէզ-դեր[3] անունով։ Անցնելով Մեսահոր (Քափթանփաշա), Բաբիք գյուղերը՝ մի քանի օր հյուրընկալվեցինք Ջութինչ (իմա՝ Ճութնիք) գյուղում՝ Քեմալ Նաբի Ունալի տանը: Հաջորդ օրը նրա ուղեկցությամբ, հետևում թողնելով Հոհունչ/Խոխունչ գյուղը, Չեմերոց (իմա՝ Ձմեռոց) բնակավայրը, Մաքրիբուդամ գյուղը, Չերմեչի (իմա՝ Ջրմեջի), Շեմշողուտի, Բալթաշի արոտավայրերը, բարձրացանք Քաչքարի երրորդ բարձր գագաթի` Թահֆուր (իմա՝ Թագվոր<Թագավոր) լեռան[4] (3400մ) ամենավերին լանջը, որտեղ էլ գտնվում էր համանուն արոտավայրը։ Այնտեղից մեր դիմաց բացվեց Քաչքարի մյուս բարձր գագաթը՝ Վերչենիկը/Վարշամբակը (3711մ ներկայիս անունը՝ Ուչդորուք), իսկ ներքևում՝ ձորի մեջ, երևում էր հին Համշենը կամ Բաշ Համշենը՝ իր Բաշքյոյ, Օրթաքյոյ և Աշաղըքյոյ գյուղերով։ Թահֆուրի արոտավայրն անմիջապես Բաշքյոյի վերևում է գտնվում։ Նշենք, որ Քաչքարի ամենից բարձր գագաթը Քավրոնն է, որն ունի 3937մ բարձրություն։
Մեր թվարկած այս բոլոր վայրերում հիմնականում համշենցիներ են բնակվում։ Ջութինչ գյուղում Քեմալ Նաբիից և գյուղապետից՝ Թեմելից, որի ազգանունը նախկինում Խաչիկօղլու է եղել, գրանցեցինք դեռևս այսօր էլ շրջանի և իրենց գյուղի բնակիչների խոսակցական թուրքերենում Համշենի բարբառից մնացած բազմաթիվ կենցաղային, մեղավապահությանը վերաբերող բառեր, ինչպես նաև` միկրոտեղանուններ։ Այնուհետև Ռիզեի Իքիզդերեի գավառով, հատելով Օվիթի լեռնանցքը, հասանք Սպեր (Իսփիր), այնտեղից էլ՝ Խոտորջուր։ Մեր ճանապարհորդության ընթացքում եղանք նաև Խոփայ գավառի համշենցիների բնակավայրերում՝ Քեմալփաշայում, Շանա և Չավուշլու գյուղերում։ Մի քանի օր հնարավորություն ունեցանք բարբառային գրանցումներ կատարել նաև Չամլըհեմշին (նախկինում՝ Ներքին Վիժե) գավառի Գիթո (Քիթ+ո) և Ջրովիտ (Ջուր+հովիտ) արոտավայրերում։
Այս այցելության ընթացքում ժողովրդագրական, տեղանվանական և տեղագրական նոր, կարևոր փաստեր գրառեցինք նաև հայոց Համշեն գավառի Եղնովիտ/Էլեվիթ (այժմ՝ Յայլաքյոյ) պատմական բնակավայրում, որն այսօր Ռիզեի նահանգի Չամլըհեմշին (նախկինում՝ Ներքին Վիժե) գավառի կազմում է։ Այնտեղ հասանք Չամլըհեմշինի կենտրոնից դեպի Շենյուվա (նախկինում՝ Շնչիվա, Չինչիվա), ապա Զիլ քալե (Զիլ կամ Ներքին ամրոց), Ջանջիկ (Ճանճիկ) և Չաթ (նախկինում՝ Տափ) գյուղերը ձգվող ավտոճանապարհով։ Եղնովիտը Չամլըհեմշինի կենտրոնից գտնվում է 34.5կմ, իսկ Չաթից ընդամենը 7-8կմ հեռավորության վրա։ Այն ծովի մակերևույթից ունի 1800մ բարձրություն[5]։
Եղնովիտ/Էլեվիթ գյուղը, որ ծվարած է Խաչիվանաքի (տեղանունը կազմվել է խաչ+ի (սեռ. հոլ)+վանք, հայկական աղբյուրներում հիշվում է՝ Խաչիվանք) և Թիրօվիթի կամ Թըրօվիթի (կարծում ենք տեղանվան մեջ Տէր+հօվիտ բաղադրիչներն են՝ տէր>տիր>թիր>թըր հնչյունափոխությամբ) արոտավայրերի խաչմերուկում, ինչպես տեղում պարզեցինք, շրջապատված է Ջագութ/Ջագաթ (Ճակատ), Թավթենի և Սեր (Սար) կոչվող բարձր սարերով։ Թավթենի սարը ամբողջովին ծածկված է դարավոր ստվարախիտ անտառով։ Կարծում ենք, որ տեղանվան մեջ թավ (խիտ անտառ բնորոշմամբ)+ուտ+ենի բաղադրիչներն են հետագայում աղավաղվելով՝ դարձել Թավթենի։ Հենց այս սարի ստորոտում էլ գտնվում է Եղնովիտի Թավթենի կոչվող թաղը։
Եղնովիտից Ջագաթ և Թավթենի սարերի միջև ընկած ճանապարհը բարձրանում է դեպի Թըրօվիթի (Տեր հովիտ), Փալօվիթի (Բալհովիտ), Քարունչի, Ամլաքիթի, Սամիսթալի (ունի նաև Զարգեստալ տարբերակը, Գիթոյի (Քիթո) արոտավայրում գրանցեցինք տեղանվան Ջարգիսթալ, Ջարգիստան, Ջարգսթան տարբերակները) արոտավայրերը։ Այդ բարձրադիր վայրերից հոսող գետը՝ Եղնովիտը, որին տեղացիներն ասում են Էլեվիթի գետ, խառնվելով Խաչիվանաք (Խաչիվանք) գետին, թափվում է Տափ (Չաթ) գյուղի ստորոտով անցնող Համշեն գետը, որն էլ Տափից ներքև՝ դեպի Զիլքալե, միախառնվում է Ֆորթունա գետին։ Վերջինս էլ, անցնելով Չամլըհեմշինը, հասնում է Սև ծով։
Եղնովիտը՝ նախկին հայկական այս գյուղը, այժմ վերածվել է ամառանոցային կենտրոնի, որտեղ մայիսից մինչև հոկտեմբերի վերջը համշենցիները գալիս են հանգստանալու, նաև` Վարդավառը նշելու, որն այսօր նրանց համար վերածվել է յուրահատուկ ազգագրական երգուպարի տոնակատարության։ Իսկ ձմռանն այստեղ առատ տեղումների պատճառով մարդ գրեթե չի մնում։ Շրջանում միայն Էլեվիթն է, որն ունի գյուղապետարան և ներկայիս անունն էլ թուրքական պաշտոնական արձանագրություններում Յայլաքյոյ (Yaylaköy) է, որ նշանակում է արոտավայր-գյուղ։ Չնայած պաշտոնապես փոխվել է բնակավայրի անունը, սակայն շրջանառության մեջ շարունակում է մնալ տեղանվան հին` տեղական-բարբառային Էլեվիթ տարբերակը։
Հայկական աղբյուրների վկայությամբ՝ Եղնովիտը դեռևս XV-XVI դարերում հայտնի էր որպես հայ հոգևոր մշակույթի, հայ գրչության կարևոր օջախներից մեկը։ Մեզ են հասել գրիչ Կարապետի՝ 1499-1528թթ. այստեղ ընդօրինակած «Բժշկարանի», «Տոնացույց-Ավետարանացույցի», տարբեր նյութերի մի ժողովածուի, Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» պոեմը, երկու Մաշտոցի, երեք շարակնոցի, ինչպես նաև` գրիչ Հովհաննես Մալազի/Մաղազի` 1517թ. ընդօրինակած «Բժշկարանի» և 1523թ.՝ Ավետարանի ձեռագրերը, որոնց մեջ հստակ նշված են դրանց ստեղծման տեղն ու թիվը, գրիչների անունները։ Համշենում կազմված ձեռագրերը հանգամանորեն քննել և մեկնաբանել են Մխիթարյան միաբանության անդամ Հ. Տաշյանը[6] և ակադեմիկոս Լ. Խաչիկյանը[7]։Եղնովիտ գյուղի մոտ գտնվող Խաչեքարի կամ Խաչիկ հոր վանքում գրիչ Կարապետի 1504թ. ընդօրինակած ձեռագրից Հ. Տաշյանի բերած հատվածում կարդում ենք. «Արդ գրեցաւ սա ի յերկիրս Համշինու, ի գիւղս Եղնովտա, ի յանապատս Սբ. Խաչիկ հաւրն հոգեւորի»[8]։Համաձայն Լ. Խաչիկյանի՝ Խաչեքարի կամ Խաչիկ հոր վանքը «Համշենի վանական հաստատություններից ամենանշանավորն էր, բայց ոչ միակը։ XV դարի կեսերին Համշենում եղել է 2 այլ վանք ևս՝ Քոշտենց և Խուժկա վանքերը…», որտեղ նույնպես հայ գրիչներն ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր[9]։Ինչպես գրում է Լ. Խաչիկյանը, «Չպետք է տարակուսել, որ Համշենում ստեղծվել են տասնյակ ու հարյուրավոր այլ ձեռագրեր ու մշակութային արժեքներ, որոնք, սակայն վերջին հարյուրամյակների ընթացքում ոչնչացվել են բարբարոս տիրապետողների կողմից, կամ դեռ հայտնի չեն գիտական աշխարհին»[10]։
Հ. Տաշյանը կարծում է, որ Եղնովիտի վանքի Խաչիկ հոր անունը ծագել է Քաջքար լեռան անունից՝ Քաջքար>Խաչքար>Խաչիկ հոր փոփոխությամբ[11]։Իսկ Քաջքարը, ավելի հավանական է, որ քաջք (դևեր, ոգի, փերի)[12] և քար բաղադրիչներից է կազմվել (ի դեպ, տեղանվան այսպիսի մեկնաբանությունը մեզ հուշել է Սերգեյ Վարդանյանը)։Հավելելով՝ նշենք, որ մեր կարծիքով տեղանունը որևէ կապ չունի Լ. Խաչիկյանի առաջադրած կովկասյան Կաշգարիի հետ[13]։Հայ մատենագրության մեջ Համշենն իր անանցանելի, մշուշապատ անտառների համար կոչվել է նաև «անլույս աշխարհ», իսկ Քաջքարը՝ «Քաջքարու դև»[14]։ Քաջք արմատից հայերենն ունի քաջքոտ, քաջքոտիլ, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար[15] բառերը։ Այսօր էլ տեղացիները հստակորեն պահպանել են լեռնաշղթայի Քաչքար անվանումը՝ տեղական խոսվածքին բնորոշ բառամիջի ջ>չ հնչյունափոխությամբ։ Բացի այդ՝ պատահական չպետք է համարել այն հանգամանքը, որ համշենցիների բանահյուսության մեջ տարածված են ոգիների և փերիների հետ կապված բազմաթիվ պատմություններ:
Եղնովիտի բնակավայրն ու վանքը հայտնի են նաև պատմական այլ արժեքավոր տեղեկությամբ. V դարում՝ Վարդանանց պատերազմի վերջին, պատմական Խաղտիք գավառի այս տարածքում՝ Քաջքար լեռան ստորոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված հայ ռազմիկների և նրանց զորավար Վարդան Մամիկոնյանի եղբայր Հմայակ Մամիկոնյանի նշխարները[16], ինչպես հաստատում են Համշենում գրված ձեռագրերը, պահվել են Եղնովիտի Խաչեքարի կամ Խաչիկ հոր վանքում։ 1504թ. գրիչ Կարապետ երեցը իր ընդօրինակած ձեռագրում հիշատակում է, որ Համշինու երկրի Եղնովիտ գյուղի Խաչիկ հոր անապատում, «ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եւ Սուրբ Սիովնի և նշխարաց Սրբոց Վարդանանց, որ աստ կան հաւաքեալ ի պահպանութիւն երկրին մերոյ»[17]։
Մեծանուն գիտնական Ղ. Ալիշանն այս առիթով գրում է. «Գլխաւոր աւանն Համշէն որ և Պաշ-Համշէն կայ ի ստորոտս Տէմիրտաղ լերին. առ որով և Խաչէքար լեառն, յորում մենաստան հին, ուր պահէին նշխարք Վարդանանց»[18]։
Ցավոք, Եղնովիտի մասին տեղեկությունները կցկտուր են, բայց դատելով վերոբերյալ փաստերից, անկասկած, Եղնովիտի վանական այս անապատը եղել է հանրահայտ ուխտատեղի առնվազն մինչև XVIII դարը՝ Համշենի հայ բնակչության բռնի իսլամացումը և, ինչպես ստորև կտեսնենք, անգամ դրանից հետո՝ ընդհուպ մինչև XX դարը։ Մինաս վարդապետ Բժշկյանը վկայում է, որ «Խաչիկքար վանքը մեծ ուխտատեղի է Հայոց եւ այլազգեաց։ Այս վանքին քով գտան մեծ զանգագ մի. ուր կայ մեծ գերեզման … հայ և տաճիկ վրան ուխտ կերթան մինչև հիմա»[19]։ «Մինչև հիմա» ասելով` Բժշկյանը նկատի ունի XIX դարի սկիզբը։ Իսկ նրա հիշատակած տաճիկներն իսլամացած/թուրքացած համշենցիներն էին։ Այդ է հաստատում փոքր-ինչ վաղ գրված Ղ. Ինճիճյանի հետևյալ հիշատակությունը, որ թեև XVII-XVIII դարերում Համշենի «ամբողջ շրջակայ գիւղօրէիւք դարձան ի տաճկության, սակս բռնութեան հարկապահանջութեան, բայց գտանին տակաւին ի նոսա և քրիստոնեաք, յորոց գիւղօրէս կանգուն կան տակաւին եկեղեցի իւրեանց ի վաղուց մնացեալ, չունին երէց ի հովուել, միայն քանի մի անգամ յամին գայ առ նոսա երէց Յեվողիւտ գեղջէ։ Իսկ տաճիկք խօսին մինչև ցայժմ հայերէն, … պահէն պահս և զայլ ծէսս և օրէնս քրիստոնէական հաւատոց, յաճախեն յեկեղեցիս ևն. . . »[20]։
Էլեվիթ գետից այն կողմ` դեպի Ջագութ/Ջագաթ (Ճակատ) լեռան ուղղությամբ՝ բարձրադիր բլրի վրա գտնվում են վանքի փլատակները։ Բնակավայրից 45 րոպե քայլելուց հետո մենք բարձրացանք այդ բլուրը և տեսանք ցավալի իրողությունը. վանքից մնացել էին միայն հիմքը, այս ու այն կողմ ցաքուցիր ընկած տաշված քարեր և խոտով ծածկված աղբյուրի գուռը, ինչպես համշենցիներն են ասում՝ ավզոնը (ավազան)։ Կային նաև տեղ-տեղ փորված փոսեր։ Տեղացիները մեզ պատմեցին, որ ոսկի փնտրելու նպատակով տարբեր վայրերից մարդիկ են եկել և ավերել վանքն ու շուրջբոլորը։ Հիմքի մնացորդների ծավալից երևում է, որ Խաչիկ հոր վանքը բավականին մեծ շինություն է եղել։ Տպավորիչ էր նաև վանքի համար ընտրված բարձրադիր տեղանքը, որտեղից նախկինում այս շինությունն իր ամբողջ շուքով իշխող դիրք է ունեցել գրեթե ողջ Ներքին Վիժեի (Չամլըհեմշինի) հովտի նկատմամբ։ Օ. Օզթուրքի կազմած «Սևծովյան հանրագիտարանային բառարանի» համաձայն` Եղնովիտի վանքը բնակիչները կոչել են նաև Սուհուփ Մինաս քիլիսեսի (Suhup Minas Kilisesi)՝ Սուրբ Մինասի եկեղեցի[21]։ Թե որտեղից է առաջացել վանքի այս անվանումը, առայժմ չենք կարող ասել։ Այդ հարցը լրացուցիչ հետազոտության կարիք ունի։ Նույն հանրագիտարանում նշվում է, որ Եղնովիտը ժամանակին հայտնի է եղել նաև դարբնոցներով, որտեղ մշակել են Համշենի Դեմիրդաղ կոչվող լեռան երկաթե հանքերից բերված հումքը[22]։
Ժողովրդագրական տեղեկություններ
Հայկական աղբյուրները վկայում են, որ Եղնովիտ գյուղի բնակիչները ամենաերկարն են դիմադրել Օսմանյան կայսրության իսլամացման քաղաքականությանը։ Ղ. Ինճիճյանի հաղորդմամբ՝ «Եվողիւտ կամ Եղիովիտ։ Գիւղ ի գլուխ վիճակին Համշինի, որոյ բնակիչք յառաջագոյն առհասարակ էին յազգէս հայոց, այլ այժմ կիսոյն դարձան ի տաճկութիւն…»[23]։Հ. Տաշյանն էլ, հենվելով Ղ. Ինճիճյանի այս հաղորդման վրա, գրում է, որ 1806թ. գյուղի բնակչության կեսն ընդունում է իսլամ[24]։Պ. Թումայանցը վկայում է, որ համշենցիները «քրիստոնեության ամեն նշան կորսուցած են, և այդ մեծ գավառում միայն նշանավոր Եղնովիտ (Էլեհովիտ) գյուղում է մնացել քրիստոնեությունը պահպանած քսան ընտանիք»[25]։ Պ. Թումայանցի այս տեղեկությունները վերաբերում են XIX դարի երկրորդ կեսին։
Եղնովիտ բնակավայրի մասին որոշ կցկտուր տեղեկություններ են հաղորդում նաև օսմանյան և թուրքական աղբյուրները։ 1831թ. Օսմանյան կայսրությունում տղամարդկանց հաշվառելու համար անցկացվել է մարդահամար։ Մահմեդականներն ու քրիստոնյաները գրանցվել են առանձին դավթարներում (մատյաններում)[26]։ Օսմանյան արխիվում պահվում են նաև Համշենի կազային պատկանող մարդահամարի մատյանները, որոնք ունեն հետևյալ թվագրությունն ու փաստական ընդգրկումները.
1252 (1836)թ. Համշենի կազայի ռայա բնակչության մարդահամարի մատյան,
1254 (1838)թ. Համշենի կազայի իսլամ բնակչության մարդահամարի մատյան,
1258 (1842)թ. Համշենի կազայի իսլամական մատյան,
1258 (1842)թ. Ռիզեի կազայի իսլամական մատյան և ռայայի, Համշենի կազայի ռայա բնակչության մատյան,
1265 (1848)թ. Համշենի կազայի ոչ իսլամ հպատակների մատյան[27]։
1848թ. մատյանի համաձայն` Էլեվիթում գրանցվել է 10 տուն, 39 տղամարդ բնակիչ, որոնցից 9-ը առևտրի նպատակով տեղափոխվել են Ունիե, Տրապիզոն, Ղրիմ, Էրզրում, Քութայիս։
1876թ. Տրապիզոնի վիլայեթի օսմանյան տարեգրքերում (Salname) Եղնովիտը գրանցվել է Էլեվիդ քարյեսի (Elevid karyesi)՝ Էլեվիդի գյուղ տարբերակով, այսինքն՝ դեռ այդ ժամանակ ունեցել է գյուղի կարգավիճակ։ 1876թ. դրությամբ այնտեղ արձանագրվել է 17 տուն, 21 մահմեդական շունչ[28]։1877թ. տարեգրքում Էլեվիթում գրանցվել է 11 տուն, 31 մահմեդական շունչ[29]։ Մեկ տարվա տարբերությամբ գրանցված տարեգրքերի այս տվյալները հակասական են և կասկածելի։ Այդուհանդերձ, եթե 17 տան վրա 21 շունչը բաժանենք, ապա յուրաքանչյուր տուն ունեցել է 1,5 տղամարդ բնակիչ։ Իսկ 11 տան վրա 31 շունչը բաժանելիս յուրաքանչուր տան բաժին է ընկնում 2,5 տղամարդ բնակիչ։ Եթե հաշվի առնենք, որ Եղնովիտի բնակչությունը նախկինում քրիստոնյա հայեր էին, ապա հայ ավանդական ընտանիքի միջին թիվը (ընտանիքի բոլոր անդամները միասին), ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հայկական և օտար աղբյուրները, առնվազն պետք է հաշվել տասով[30]։Իսկ այդ դեպքում միայն 17 տան դիմաց կարող ենք հաշվել 170 շունչ։ Իսլամ ընդունելուց հետո էլ բազմազավակության ավանդույթը պահպանվել է համշենցիների ընտանիքում[31]։Մեր կարծիքով նաև բնակավայրի բազմամարդությունն է եղել պատճառներից մեկը, որ Եղնվիտ բնակավայրը կարողացել է երկար ժամանակ պահպանել իր ազգային դիմագիծը։
Պատահական չէ նաև, որ նույն օսմանյան տարեգրքում որևէ խոսք չկա այդ շրջանում անգամ` Էլեվիթում քրիստոնյա հայ բնակչության փոքրիկ կղզյակի մասին։ Եթե 1806թ. միայն գյուղի կեսն էր ընդունել մահմեդականություն, և համաձայն Պ. Թումայանցի՝ դեռևս XIX դարի երկրորդ կեսին 20 ընտանիք մնացել էր քրիստոնյա, ապա կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ մոտավորապես 20 ընտանիք էլ, այսինքն` գյուղի կեսը, բռնի կրոնափոխված համշենցիներ պետք է լինեին։ Իսկ օսմանյան տարեգրքում Էլեվիթի դիմաց նշված են միայն իսլամական տները, այն էլ` բնակիչների կասկածելի թվով։
Ավելին` ըստ «Սևծովյան հանրագիտարանային բառարանի»` XX դարի սկզբում Էլեվիթում ապրել են «փոքր թվով» հայեր։ Այս առիթով հեղինակը մի հետաքրքիր պատմություն է բերում. ծեր մոր հետ բնակվող Պետրոս անունով երեսուն տարեկան մի հայ (ի դեպ` այնտեղ ապրողներին դուր չի եկել, երբ իրենց էրմենի են ասել, նրանց հայ են անվանել) Քոլունա գյուղից կնության է վերցնում մի համշենցի կնոջ։ Առանց որևէ կրոնական պարտավորությունների այս ամուսնությունից որոշ ժամանակ անց Պետրոսը որոշում է կրոնափոխ լինել։ Մայրը շատ ծանր է տանում որդու կրոնափոխությունը։ Մի օր մարդիկ նրան տեսնում են ջրաղացի մոտ արտասվելիս և Թալին հորաքրոջը հարցնում լաց լինելու պատճառը։ Իսկ նա պատասխանում է. «Ինչպե՞ս լաց չլինեմ, քա՛ (աղջիկ), որդիս Հիսուսից երես է թեքել, հիմա էլ եթե Մուհամեդին նեղացնի, կզրկվի հանդերձյալ կյանքից»[32]։Կարծում ենք՝ այդ կինն իր խոսքի երկրորդ մասն ասել է ճարահատյալ՝ վախենալով իսլամական միջավայրի ճնշումներից։
Տեղեկացանք նաև, որ այսօր Եղնովիտ/Էլեվիթ գյուղը բաժանված է երեք թաղի և, ըստ «Սևծովյան հանրագիտարանային բառարանի», ունի 200 տուն[33]։
Այնտեղ հիմնականում իրենց ամառային հանգիստն են անցկացնում Քյուշուվե (Քուշիվա), Մոլլավեյիս (Մոլեվից), Զիլ քալե, Չաթ (Տափ), Շենքյոյ գյուղերի բնակիչները, ինչպես նաև` նախկին էլեվիթցիները։ Ժամանակի ընթացքում հին ավանդական քարե հիմքերի վրա` փայտաշեն տների կողքին, կառուցվել են ժամանակակից տներ։ Ամռան ընթացքում այնտեղ ապրող բնակչության հետ մեկտեղ Ստամբուլից, Իզմիրից և Անկարայից եկող համշենցիների թիվը հասնում է մինչև 500-ի։ Հատկապես օգոստոս ամսվա սկզբին` Վարդավառի օրերին, բնակչության թիվը երբեմն հասնում է մինչև 1000-1500-ի, և Էլեվիթը համարվում է Չամլըհեմշինի ամենից բազմամարդ գյուղը։ Բայց ձմռանը շատ տեղումների պատճառով բնակավայրը գրեթե դատարկվում է։ Անցյալում ևս առատ ձյան տեղումներն ու ձնհալները մեծ անհանգստություն են պատճառել եղնովիտցիներին։ Կարապետ երեցի ձեռագրից շատ արժեքավոր մի տեղեկություն է հրապարակել Հ. Տաշյանը։ Գրիչը պատմում է, որ Համշենի լեռները ձմռանը ձնառատ են եղել, և 1500թ. Եղնովիտը ձնահյուսերի հետևանքով մեծ վնասներ է կրել. «Աստուածասաստ բարկութիւն տեղ(ե)աց ի վրայ գեղջիս մերոյ Եղնովտա, գաւառիս Ս. Խաչիկ հաւրն մերոյ, զի եկն Ջվկայձորն հուսի եւ աւար եհար զեկեղեցին Ս. Սիոն ժամատնովն, եւ զՌըստագենց կալն սարպովն և մարագովն եւ զհացն եւ զռնակն ամենայն ցիր եւ ցան արար»։ Նույն հաղորդումից տեղեկանում ենք, որ մեծապես տուժել են Պատրիկ թավաքալու և հոռոմ Ստեփանոսի ընտանիքները[34]։Հետաքրքրական է, որ Ռիզեի համշենցիների առօրյա թուրքերենում այսօր էլ գործածական են մարագ և սարբին/սարբեն (մթերքի պահեստ) բառերը։
Եղնովիտում բնակիչները մեզ ցույց տվեցին նաև բնակավայրին շատ մոտ հայկական գերեզմանոցի տեղը, ուր ամեն ինչ տակնուվրա էր արված, և ոչինչ չէր մնացել։ Պատմում էին, որ այստեղ էլ ոսկի փնտրելու նպատակով քանդել են բոլոր գերեզմանները։ Մեր զրուցակիցներն ասում էին, որ իրենք թուրքական ցեղերից սերված համշենցիներ են, բայց չէին ժխտում, որ այնտեղ նախկնում հայեր են ապրել։ Իսկ «Քարթալ» փոքրիկ հյուրատան տիրուհի Հալիդե Յըլդըրդմը պատմեց, որ իր մայրը հիշում էր, որ մորեղբայրները հայեր են եղել, և այդ ժամանակ` երեք սերունդ առաջ, այնտեղ մոտավորապես 50-60 տուն հայ և 5-6 տուն թուրք բնակիչ է ապրել։ Մորից լսել է նաև, որ հայերը հավատարիմ էին իրենց կրոնական ծեսերին (Զատիկի տոնին նրանք ձու էին ներկում), չէին հաշտվում թուրքերի պարտադրած օրենքներին, դիմադրում էին։ Ըստ իր մոր պատմածի, քանի որ հայերը չէին ընդունում թուրքերի պահանջները և կառչած էին իրենց կրոնական սովորություններին, այդ պատճառով էլ մի օր թուրք զինվորները նրանց քշում են գետից այն կողմ` դեպի լեռները, որտեղ էլ նրանցից շատերը զոհվում են։ Թե որ թվականներին է վերաբերում տիկնոջ պատմածը, չկարողացանք պարզել։ Սակայն, մոտավոր հաշվումներով, այն պետք է տեղի ունեցած լիներ XIX դարի վերջին կամ XX դարի սկզբին, այսինքն՝ երեք սերունդ առաջ։ Սրանք, հավանաբար, XX դարի սկզբի հայության այն վերջին բեկորներն են եղել, որոնց գոյության մասին հիշատակում է նաև «Սևծովյան հանրագիտարանային բառարանը» [35]։
Եղնօվիտ-Էլեվիթ տեղանվան ստուգաբանությունը
Հայկական աղբյուրներում Եղնօվիտը հիշատակվում է նաև Եղնհովիտ, Եղնահովիտ, Եղիովիտ, Եղովիտ, Եվողյուտ, Էլեհովիտ տարբերակներով։ Ինչ վերաբերում է Եղնովիտ տեղանվանը, ապա այն բնիկ հայկական է։
Թուրք հեղինակ Ս. Արըջըն, որն իր գրքում հիմնականում զբաղվել է Համշենի միկրոտեղանունների հայկական ծագումը մերժելու անտեղի ջանքերով, իր գրանցած տեղանվանական ցանկում անդրադառնում է նաև Եղնովիտին։ Ս. Արըջըի հրապարակած ցանկում այն արձանագրվել է Էլօվիդ տարբերակով։ Թուրք հեղինակն այս դեպքում ընդունում է, որ տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ օվիդը, հայերեն է։ Ապա փորձում է բացատրել օվիդ բառի նշանակությունը՝ հենվելով հայերեն բառարանի վրա. «Իհարկե, հայերեն բառարանում յայլան որպես «լեռնաթաշ» է նշվում»[36]։ Թե հայերեն որ բառարանից է թուրք հեղինակը օգտվել և վերցրել այս անհասկանալի բացատրությունը, նշված չէ։ Ապա անմիջապես հավելում է, որ օվիդը յայլա (արոտավայր) իմաստով միայն թուրքերն են օգտագործում։ Իսկ տեղանվան Էլ արմատին ընդհանրապես չի անդրադարձել։
Հարկ ենք համարում նշել, որ հայերեն հոմանիշների բառարանում որպես հովիտի հոմանիշներն են տրված լեռնագոգ, գետահովիտ, հարթավայր բառերը, և ինչպես ցույց են տալիս Համշենի միկրոտեղանունները՝ Եղնօվիտ, Բալօվիտ, Ջըրօվիտ, Թիրօվիտ, Ձեղօվիտ, Մէձօվիտ, Խաչօվիտ և այլն, սրանք մաքուր հայկական են և հայտնի են որպես արոտավայրերի անուններ։
Եղնովիտ տեղանունը, մեր ստուգաբանության համաձայն, կազմվել է եղ+ն-(եղջերու) + հովիտ բաղադրիչներից, որ նշանակում է եղնիկների հովիտ։Եղն բառը բնիկ հայկական է, որը, ըստ լեզվաբան Հ. Աճառյանի, հնդեվրոպական նախալեզվի elno ձևից է, և որից էլ՝ եղնոտ (եղնիկի ոտք), եղնորթ (եղնիկի ձագ), նոր գրական հայերենում է միայն գործածվել եղնիկ ձևով։ Տեղանվան մեջ տեղի է ունեցել էլն>եղն անցումը, հնչյունափոխական մի երևույթ, որը բնորոշ է հայերենին։ Հ. Աճառյանը նշում է նաև նույն elno հիմքից «ռուսերենում елень, олень «եղջերու», еленица «եղնիկ», … գերմ. Elen, … ֆրանս. elan «հյուսիսային եղջերու» բառերի գոյության մասին[37]։ Եղնի -ն ածանցը Գ. Ջահուկյանը համարում է հնագույն, և հայերենում այս ածանցով կազմվել են միայն գոյականներ, այն հանդես է գալիս որպես հոլովման հիմքի ձևական ցուցիչ, ինչպես եղն, եզն, երկն, ողն, անձն և այլ [38]։ Հայկական աղբյուրներում հիշվում է տեղանվան գրաբարյան ձևը՝ Եղնահովիտ, Եղնովիտ, Եղիովիտ (երբեմն երկրորդ բառի բառասկզբի հ-ի անկումով), որը նույնպես հայերենին բնորոշ երևույթ է։ Մեր կարծիքով համշենցիներն իրենց բարբառում պահպանել են տեղանվան հնագույն, վաղնջական ձևը՝ էլեվիտ>Էլեվիթ։
Տեղանվան երկրորդ բաղադրիչը՝ հովիտը, որը բնիկ հայկական հով արմատից է կազմվել, նշանակում է «ձոր», «ցածր բլրակ», ունի նաև ովիտ տարբերակը և «երկու ձևով էլ մտնում է բազամաթիվ հայկական տեղանունների մեջ, ինչպես` Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ և այլն[39]։ Լեզվական արագաբանության և ձայնավորների ներդաշնակության հետևանքով Էլեվիտ տեղանվան առաջին բաղադրիչի էլ-ի ճնշմամբ հովիտը վերածվել է էվիտի, որից էլ՝ Էլեվիտ>Էլեվիթ՝ բառավերջի տ>դ>թ հնչունափոխությամբ։ Հենց այս կերպ էլ տեղանունը գրանցվել է օսմանյան տարեգրքերում։ Ըստ մեր հետազոտությունների` օսմանյան մատյաններում հանդիպող տեղանունները հիմնականում գրանցվել են տեղական բարբառային հնչարտասանական տարբերակով և օսմաներեն տառադարձմամբ։
Եղնովիտում բնակիչները նույնպես հետաքրքրված էին իրենց տեղանվան ստուգաբանությամբ։ Լսելով մեր բացատրությունը՝ նրանք ոչ միայն ընդունեցին, այլև հավելեցին, որ դեռ այսօր էլ գյուղի դիմահայաց Սեր (Սար) կոչվող լեռան ստորոտին ամեն առավոտ` լուսադեմին, հանդիպում են եղնիկներ, քարայծյամներ, որոնք գալիս են մոտակա գետից ջուր խմելու։ Նշենք նաև, որ Ղ. Ինճիճյանը ևս հիշատակել է, որ Էլեվիթի հարևանությամբ գտնվող Բալովիտը «Հովիտ անտառախիտ լի էրէովք և գազանօք յորում գտանի վայրի այծ, որ աճէ մինչ ի չափ որթու. Յամին երիցս փոխէ զմորթ իւր, ի ձմերայնի ի սեաւ գոյն, ի գարնան ի կարմիր, և յաշնան ի սեաւ. . . »[40]։
Արոտավայրի ներկայիս բնակիչները հիշում են նաև շրջակա լեռների, հարևան արոտավայրերի, հանդերի, բլուրների հին անունները։ Եղնովիտում Հալիդե Յըլդըրդմից հաջողվեց գրառել նաև շրջակա վայրերի մի քանի հայկական միկրոտեղանուններ՝ Զովքու գյոլու (Zovku gölü) — գտնվում է Կարմիք արոտավայրից վերև, կազմվել է ծովք և թրք. գյոլ-լիճ բառերից, Խաչիլեր (Xaçiler) – կազմվել է Խաչ+ի+լեռ բաղադրիչներից, մարգագետնի անուն է, Խաչելենիգին դուզու (Xaçelenigin düzü)- մի հարթ տարածության անունն է, Հափիվանաքի արոտավայր-(Hapivanak yaylası) — կարծում ենք Ափիվանք տեղանունն է՝ բառասկզբի՝ հ-ի հավելումով, Հորդուկ-Խորդուկ (Horduk), Հողուտ (Hoğut)-կազմվել է հող+օտ բաղադրիչներից, Մաթուրի արոտավայր-(Matur yaylası)-տեղանվան մեջ մատուռ բառն է, Նավքարի արոտավայր (Navkar yaylası)- կազմվել է բնիկ հայկական նավ+քար բառերից, Չարքենի (Çarkeni), Քարգելող (Kargeloğ ) — դաշտի անուն է, կազմվել է քար+գլուխ բառերից, Խորթաք գետ (Xortak) — կազմվել է Խոր+տակ բառերից, Քոցգուդուն դուզու (Kotsgudun düzü) — կազմվել է կոճղ+ուտ+ուն և դուզու՝ հարթավայր, բառերից։
Այսպիսով` բերված լեզվապատմական փաստերն անվիճելիորեն հաստատում են, որ Համշեն գավառի Եղնովիտ-Էլեվիթ բնակավայրը, հնագույն ժամանակներից լինելով հայոց հոգևոր և գրչության օջախներից ու հայտնի ուխտատեղիներից մեկը, իսլամաթուրքական միջավայրում կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծն` ընդհուպ մինչև XIX դարի վերջը։ Համշենի բազմաթիվ բնակավայրերը կարոտ են ուսումնասիրությանª լրացնելու հայ ժողովրդի պատմության սպիտակ էջերը, և մենք նախատեսում ենք այս ուղղությամբ շարունակել մեր հետազոտությունները։
—————————————
[1] A. Taşpınar, Rize Tarihi, Rize, 2004, s. 137.
[2] Ս. Հայկունի, Նշխարներ. կորած ու մոռացուած հայեր, «Արարատ», Վաղարշապատ, 1895, թիվ 7, էջ 296։
[3] Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 4։
[4] Նշենք, որ Թագավոր/Թագվոր անունով տեղանունները տարածված են եղել Մեծ Հայքում։ Թագվոր անունով ձորահովիտ և ամառանոցավայր է հիշվում նաև Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգում Խոտորջրի շրջանում։ Այն պատկանել է Վերին Մոխրակուտ գյուղին (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1988, էջ 384)։
[5] Այդ մասին տե՛ս նաև Can Uğur Biryol, Kaçkarlar’da Bulut Olsam, Ankara, 2011, s. 42.
[6] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, պատմական-տեղագրական ուսումնասիրութիւն, հ. Բ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1980, էջ 67, նույն տեղում, էջ 64-73։ Այդ մասին տես նաև Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, թիվ 2, էջ 133։
[7] Լ. Խաչիկյան, նույն տեղում, էջ 133։
[8] Յ. Տաշեան, նույն տեղում, էջ 64-73։
[9] 1422թ. Քոշտենց վանքում N 1617 ընդօրինակված ձեռագիրը գտնվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության գրատանը։ 1460 թ. Խուժկա վանքում N 7263 ընդօրինակված ձեռագիր հիշատակարանը գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում (այդ մասին մանրամասն տե՛ս Լ. Խաչիկյան, նշվ. աշխ., էջ 126-128։
[10] Լ. Խաչիկյան, նույն տեղում։
[11] Յ. Տաշեան, նշվ. աշխ., էջ 68։
[12] Քաջ հայերենում նշանակում է նաև՝ ազնիվ, առաքինի, արի, կտրիճ, դյուցազն, հսկա, ավելի մեծ, շատ մեծ (տե՛ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 4, ԵՊՀ հրատ., Երևան, 1979, էջ 554։
[13] Լ. Խաչիկյան, նշվ. աշխ., էջ 132։
[14] Յ. Տաշեան, նշվ. աշխ., էջ 101։
[15] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ .4, էջ 555։
[16] Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, թարգմանությունը և ծանոթագրությունները Ե. Տեր-Մինասյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 1989։ Մ. Չամչյանց, Հայոց պատմություն, հ. Բ, Երևան, 1984, էջ 79։
[17] Յ. Տաշեան, նույն տեղում, էջ 67-68։
[18] Ղ. Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց, Ս. Ղազար, 1855, էջ 39։
[19] Մինաս Վարդապետ Բժշկեան, Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով, Վենետիկ, 1819, էջ 97։
[20] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 396։
[21] Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, İstanbul, 2005, c. 1, s.
[22] Öztürk Ö., նույն տեղում, էջ 351։
[23] Ղ. Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 397։
[24] Յ. Տաշեան, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վիեննա, 1921, էջ 31։ Տես այդ մասին նաև Լ. Խաչիկյան, Էջեր համշինահայ պատմությունից, էջ 138։
[25] Պ. Թումայեանց, Պոնտոսի հայերը, աշխարհագրական և քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 156։
[26] İ. G. Güvenlioğlu, M. U. Hiçyılmaz, M. Gürdal, Rize Hemşin İlçesi, Tarihi mezar Kitabeleri, İstanbul, Kaknüs yayınları, s. 52.
[27] Նույն տեղում։
[28] Trabzon Vilayeti Salnamesi, Hazırlayan: Kudret Emiroğlu, Ankara, 1993, c. 8, s. 375-377.
[29] Trabzon Vilayeti Salnamesi, Hazırlayan: Kudret Emiroğlu, Ankara, 1995, c. 9, s. 317.
[30] Այդ մասին մանրամասն տե՛ս Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, «Լուսակն» հրատ., Երևան, 2007, էջ 61-63։ Տե՛ս նույն՝ Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, Երևան, 2006, էջ 215։
[31] Նույն տեղում, էջ 215-216։
[32] Ö. Öztürk, Karadeniz Ansiklopedik Sözlük, s. İstanbul, 2005, c. 1, s. 351-352.
[33] Ö. Öztürk, նույն տեղում,
[34] Յ. Տաշեան, Տայք, դրացիք եւ Խոտորջուր, էջ 65։
[35] O. Öztürk, a.y., I. cilt, s. 315.
[36] S. Arıcı, Dambur Tarihi, Hemşin-Purim Etimolojik Sözlüğü, 1. Basım, İstanbul. Kızkulesi yayıncılık, 2008, s. 269.
[37] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. II, ԵՊՀ հրատ., Երևան, 1973, էջ 21 -22£
[38] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան, Երևան, 1987, էջ 238։
[39] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. III, ԵՊՀ հրատ., Երևան, 1977, էջ 554։
[40] Ղ. Ինճիճեան, նշվ, աշխ., էջ 397։