Բաց նամակ ՀՀ պետական մարմիններին և տնտեսվարող սուբյեկտներին

Տիկնայք և պարոնայք, մեր երկրում կան շատ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, դրանք քիչ չէին նաև Մեսրոպ Մաշտոցի ժամանակ, բայց հայերեն տառերի ստեղծման կարևորությունը գիտակցվեց ոչ միայն նրա, այլև կաթողիկոսի, թագավորի և շատ-շատերի կողմից ու ստեղծվեցին հայերեն տառերը: Համակարգչային տեխնոլոգիաների լայն օգտագործումը մեզանից պահանջում է, որ ունենանք հայերեն տառերով ստեղնաշար, արժանի լինելու համար Մաշտոցի կատարած մեծ գործին:

Մեր պետությունը կարող է այս խնդիրը լուծել, պատվիրելով հայերեն տառերով (զուգահեռ իհարկե լատիներեն տառերով) առնվազն մի քանի տասնյակ հազար ստեղնաշար՝ պետական, կրթական, ցանկության դեպքում նաև դրանք դնել վաճառքի` մասնավոր գրասենյակներում կամ տնային օգտագործման համար: Այդպիսի երկլեզվանի ստեղնաշարեր կան բազմաթիվ լեզուների համար։ Օգտագործելով հայերեն տառերով գրամեքենաների նախկինում եղած ստեղների դասավորությունը, կարագացվի հայերենի մուտքագրումը։ Իսկ միանման դասավորության ստանդարտացումը ու դրա տարածումը կբերի ժամանակի խնայողության` զանազան թվային ու համակարգչային սարքերից օգտվողների համար։ Հնարավոր է նաև ավելացնել մի ստեղն` որով հնարավոր կլինի արագ փոխել լեզուն:

Չնայած այն բանին, որ այս խնդրի լուծումը մեծ ֆինանսներ չի պահանջում, և շատ մասնավոր անձիք կարող են այն անել (ի դեպ որոշ մասնավոր անձիք սփյուռքում առաջարկում են նման ստեղնաշարեր), այնուամենայնիվ կարծում ենք, որ առանց պետական միջամտության այս խնդիրը չի կարող ճիշտ լուծում ստանալ: Այս բաց նամակով մենք կոչ ենք անում բոլորին, առաջին հերթին մեր կառավարությանը, փնտրել և գտնել հայերեն տառերով ստեղնաշար ստեղծելու ճիշտ և արդյունավետ ուղին։

Նախաձեռնողներ՝ «Հայատառ ստեղնաշար» քաղաքացիական խումբ

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Հայերենացնենք ցանցը, Հատուկ բաժնում։ Էջանշեք այս հղումը.