Անտուան Մեյե. Այդ լեզվի ճոխությունը և ճկունությունը զորավիգ է եղել հայ ազգի համար

Ամենքին հայտնի է, որ հայերեն այբուբենի համակարգը գլուխգործոց է: Հայերենի հնչյունական համակարգի ամեն մի հնչույթ նշված է հատուկ տառանշանով, և համակարգն այնքան լավ է հաստատված, որ նա հայ ազգին տվել է հնչյունական համակարգի վերջնական արտահայտություն, որ մինչև օրս պահպանվել է առանց որևէ փոփոխություն կրելու, առանց բարելավման կարիք զգալու, որովհետև նա սկզբից ևեթ կատարյալ էր:

Հայերեն այբուբենին արժեք տվողը հետևյալն է, որ այդ ստեղծագործության հեղինակը չի կաշկանդվել նախապես գոյություն ունեցող սովորություններով և տվել է իր լեզվի հնչյունական համակարգի հարազատ պատկերը:

… չկա ավելի հստակ քերականություն, քան գոթերենինը, հին հայերենինը և հին սլավոներենինը: Այս հանգամանքի շնորհիվ հնարավոր եղավ ամուր հիմքերի վրա հաստատել և հստակորեն ուրվագծել գերմանական լեզուների, հայերենի և հին սլավոներենի համեմատական քերականությունը: Չորս ավետարանները հունարեն բնագրով և գոթերեն, հայերեն, սլավոներեն երեք թարգմանություններով մեր տրամադրության տակ ունենալը այն պայմաններում, որոնց մեջ ունենք դրանք, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության համար մի բախտավորություն է, որը, որքան էլ դրանից օգտված լինեն, դեռևս ըստ արժանվույն չի գնահատվել:

Պահպանելով հանդերձ հնդեվրոպական շատ գծեր և առաջին հայացքից երևան գալով որպես սանսկրիտի, հունարենի, լատիներենի, սլավոներենի և այլոց ցեղակիցը` հայերենն այդպիսով ստացել է յուրահատուկ կերպարանք, որով նա խորապես տարբերվում է հնդեվրոպական ընտանիքի մյուս լեզուներից: Չնայած բազմաթիվ հալածանքներին, այն օժտված է մեծ կենսունակությամբ: Այդ լեզվի ճոխությունը և ճկունությունը զորավիգ է եղել հայ ազգի համար: Հայ ազգը հավատարիմ է մնացել նրան և իրեն պատիվ է համարում այն: Հնդեվրոպական առանձին տարրերին հայերենում խառնվել են կովկասյան տարրեր, և լեզվի կառուցվածքը երևան է հանում նրանցից խոր ազդեցություն: Այս ձևով կազմավորված հայ ազգը հնդեվրոպական խմբում անկախ ազգ է, որն ուրիշ ոչ մեկի հետ հատուկ կապեր չունի:

Հայ ազգը իսկապես յուրահատուկ է, … ազգ, որին պետք է հաշվի առնել, որովհետև նա մարդկության մեջ արտահայտում է յուրօրինակ բան: Նա մարդկությանը բերում է իր անձնական շեշտը: Հայերի իրավունքներն ունեցողը ճշմարտությունից բացի այլ բանի կարիք չունի: Ոչ մի ազգ իր գոյության կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն: Հայ ազգը կրել է քաղաքական բոլոր աղետները: Նա հաճախ եղել է իրենից ուժեղ հարևանների ավարը, բայց ազգը երբեք չի կորցրել որևէ մեկ ուրիշից տարբեր լինելու զգացումը: ԺԴ դարից ի վեր հայերը ոչ մի տեղ չեն ունեցել անկախություն, ոչ էլ իսկական ինքնավարություն: Բայց նրանց եկեղեցին պահպանվել է իր վարդապետություններով, իր ծեսերով, իր պաշտոնյաների աստիճանավորումով: Հայոց լեզուն շարունակել է խոսվել և գրվել: Վերարտադրվել են հին աշխատություններ և գրվել նորեր: Այն փաստը, որ ազգը բնորոշվում է իր սեփական բնույթը պահպանելու և մարդկային որևէ այլ խմբակցությունից որոշակի մնալու կամքով, ոչ մի տեղ այնքան ակնհայտորեն երևան չի գալիս, որքան հայերի մոտ: Վրա են հասել ներխուժումներ, թալան, ջարդեր. Ազգը աննկուն պահպանել է այն, ինչ նրան տարբերում է մյուս ազգերից: Հայ ազգը լրիվ գիտակցում է իրեն: Ի հեճուկս հալածանքների` նա պահպանում է իր գոյությունը: Հալածանքի պատճառով իրենց երկրից արտաքսված մի խումբ հայեր հենց որ հավաքվում են մի հեռավոր երկրում, այնտեղ հիմնում են տպարան և հայերեն լրագիր:

Արվեստի պատմաբանները միաձայն ընդունում են, որ ճարտարապետության բնագավառում 5-9-րդ դարերում հայերը եղել են ստեղծարարներ: Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ, այն ժամանակներում, երբ ֆրանսերեն լեզուն դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն: Այն ժամանակ, երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը գոյություն չուներ. ոչ Ֆրանսիայի մասին խոսք կարող էր լինել, ոչ էլ Անգլիայի: Հայ ազգի գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արևմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններից:

Հայ ժողովուրդը գտնվելով բազմաթիվ տարբեր ազգերի հանդիպման կետում` հաջորդաբար և երբեմն միաժամանակ կրել է որոշակի քաղաքակրթությունների ներգործությունը: Հայկական փաստերի տվյալներով կարող են, ուրեմն, լուսաբանել իրանական, հունական, ասորական, հին ֆրանսիական, արաբական, թուրքական և այլ փաստեր: Օրինակ` այն բառերը, որ հայերենը փոխ է առել պարթևական խոսվածքներից, իրանական լեզվաբանության տրամադրության տակ եղած ամենից արժեքավոր փաստերից են: Պատմաբանի համար չկա ավելի օգտակար բան, քան ապացույցներ գտնել տարբեր ծագում ունեցող վկայությունների մեջ: Հայաստանն ընձեռում է այդպիսի շատ ու շատ ապացույցներ և, հետևաբար, հնարավորություն է տալիս կատարել պատմական շատ փաստարկումներ:

Մյուս կողմից` հայկական մշակույթը ներկայացնում է բազմաթիվ ինքնուրույն գծեր: … հայ գրականությունն ամենահարուստներից և հաճախ ամենակենդանիներից մեկն է. դասական շրջանը, իններորդ դարի վերածնունդը, արդի շրջանը ներկայացնում են մեծ թվով արժեքավոր գրողներ: … հայկական ձեռագրերը գեղարվեստական առաջնակարգ արժեք ունեն:

Աղբյուրը` Էմմա Մկրտչյան, Ա. Մեյեն հայ ժողովրդի և հայոց լեզվի մասին, Աստղիկ. Գիրք թարգմանչաց, ԵՊՀ, 1990թ.

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր, Հայերենագիտություն, Հատուկ, Շտեմարան բաժնում։ Էջանշեք այս հղումը.