ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

«Աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է»:
Սենեկա

Հասարակության կողմից պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով։ Հետևաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով:
Հեռահաղորդակցության ոլորտում (և ոչ միայն) վերահսկողական գործառույթներ իրականացնելիս տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը օրենսդրական դաշտի անկատարությունն է, ինչպես նաև տեսչությանը վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը:
Ի՞նչ ունենք այսօր այս ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում:
Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է»։ Նույն հոդվածի մեկ այլ դրույթ` «Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»:
Այնուամենայնիվ, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, զանգվածային լրատվամիջոցներում, գովազդում, պաշտոնական խոսքում աղավաղվում, խաթարվում է գրական հայերենը։ Ոճական, ուղղախոսական, քերականական սխալները դարձել են համատարած երևույթ, իսկ ժարգոնը և փողոցի լեզուն հեռուստագովազդի և հեռուստաեթերի անբաժան մասն են։
Օրենսդրական դաշտի անկատարությունն ու մեր հեռուստաընկերությունների` օրենքի պահանջը չկատարելու (մեղմ է ասված), ամեն գնով` նույնիսկ պետական լեզվի նկատմամբ ոտնձգությունների հանցավոր քաղաքականությամբ պատասխանատվությունից խուսափելու փորձերը հանգեցնում են այն իրողությանը, որ այսօր օտար լեզուներով հաղորդումներ են հնչում գրեթե բոլոր կայաններով:
Լեզվի բնագավառում օրենսդրության պահանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չլինելու պատճառով եթերում աստիճանաբար սկսում է գերակայել օտար լեզուն:
Բարեբախտաբար, այսօր օրենքը պարտադրում է հեռուստաընկերություններին ապահովել օտարալեզու կինոնկարների և հաղորդումների համաժամանակյա թարգմանությունը, սակայն գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, առանց համաժամանակյա թարգմանություն ապահովելու, եթեր են հեռարձակում գեղարվեստական ֆիլմեր և մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Ավելին, առանձին հաղորդումներ եթերում ներկայացվում են բացարձակապես օտարալեզու, ինչն օրենքի կոպտագույն խախտում է:
Խախտումների մեկ այլ շերտ. թվում է, թե հայերեն հեռարձակվող, արտաքուստ որևէ խախտում չպարունակող հաղորդում է, ու հանկարծ, շատ «անմեղ» թվացող մի ոչ փոքր հատված հնչում է օտար լեզվով: «Հ2» հեռուստաընկերության նորաձևությանը նվիրված հաղորդման մասնակիցները բոլորովին չեն խորշում ռուսերենից, ընդհակառակը, շատ հանգիստ եթերում խորհրդային տարիների մելամաղձությամբ և քաղքենիությամբ քննարկում են նորաձևության ինչ-ինչ հարցեր, կամ «Երջանկության մեխանիկա» հաղորդմանը հրավիրված հյուրը, ընդ որում, տեղացի հայը, պատահում է, թեև ոչ փայլուն, ինչպես ռուսերենին, բայց միանգամայն բավարար տիրապետում է հայերենին, տրամաբանված ու ճիշտ կառուցում է նախադասությունները: Բայց բավական է, որ ակնարկի, թե ինքը ռուսերեն ավելի ազատ կարող է խոսել, հաղորդաշարը վարողն անմիջապես համաձայնում է, և հաղորդումը շարունակվում է ռուսերեն:
Ավելին, կան հաղորդումներ էլ, որոնք հաճախ հենց սկզբից ընթանում են ռուսերեն, ընդ որում առանց թարգմանության, ինչի մասին, ի պատիվ իրեն, երբեք չի մոռանում «Հայլուր»-ը: Եվ ոչ մի նշանակություն չունի թեման, ասենք, առողջապահական, որքան էլ այն հավասարապես անհրաժեշտ լինի նաև հայ հեռուստադիտողին: Հաղորդավարը միայն հարկ է համարում հավաստելու, թե բոլորը ռուսերեն հասկանում են:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան ոլորտներ, որտեղ հատկապես նկատելի է հակումը դեպի օտարաբանությունները, և թե՛ առօրյա բառերը, թե՛ բառեզրերը մայրենի լեզվով ժողովրդայնացնելու հոգատարությունը, մեղմ ասած, պակաս է: Դրանցից մեկը բժշկության ոլորտն է: Տարբեր հեռուստառադիոալիքներով հեռարձակվում են առողջապահական թեմաներով հաղորդաշարեր, որտեղ շարունակ հնչում է` պրիստուպ (ռուս.), պրոֆիլակտիկ, պրոֆիլակտիկա (հուն.), պուլս (լատ.): «Ամիսն ունենում է երեք-չորս պրիստուպ: Պրիստուպները կարող ենք հանել: Երեք-չորս ամիսը` մեկ պրիստուպ» (ՀՀՌ, հոգեթերապևտ): «Սթրեսի պրոֆիլակտիկան պետք է սկսել վաղ մանկուց» (Հ1, հոգեբույժ): «Բուժման ընթացքում փոփոխվում են հիվանդի պուլսը և ճնշումը» (ԱԼՄ, ներախտաբան (թերապևտ)): «Պրիստուպ» բառի փոխարեն ունենք «նոպա» բառը: «Պրոֆիլակտիկա» բառի դիմաց ունենք երկու համանիշ` կանխարգելում, ախտականխում: Նույն ծագումով ածականի դիմաց` կանխարգելիչ, ախտականխիչ: «Պուլս» բառը երկու իմաստ ունի, որոնք հայերենում զատվում են առանձին բառերով. ա) զարկերակ, բ) երակազարկ: Առավելությունն ակնհայտ է. վերանում է իմաստային շփոթը:
Մյուսը երաժշտության ոլորտն է: Կատարողների, երգահանների, տեսաբանների, երաժիշտ-մանկավարժների խոսքն ունկնդրելիս զարմացնում է այն, թե ինչքան կարելի է մոռանալ մայրենի բառերն ու բառեզրերը: Նախ` գործիքների և դրանք նվագողների անվանումները: Գրեթե չես լսում` թմբուկ, թմբկահար, կիթառ, կիթառահար, փող, փողհար և հենց` գործիք, այլ` բառաբան, բառաբանչիկ, գիտառա, գիտառիստ, տռուբա, տռուբաչ, ինստրումենտ… Վերջինը` լատիներեն, առաջին չորսը` ռուսերեն: «Վաղուց ի վեր գործածվել են տարբեր զանգուլակներ ու բառաբան» (ՀՀՌ, հաղորդաշար վարող):
Այսօր եթեր են հեռարձակվում օտարալեզու հաղորդումներ, որոնք բոլորովին էլ որևէ ազգային փոքրամասնության համար չեն նախատեսված, չեն շոշափում նրանց մշակութային, քաղաքական, սոցիալական ինչ-ինչ հարցեր, այլ պարզապես հնչում են ոչ հայերեն: Ինչո՞ւ:
Մենք` հայերս, օտարամոլ ժողովուրդ ենք: Ի՞նչ անուններ ենք դնում մեր երեխաներին, մեր խանութներին, գեղեցկության սրահներին, ռեստորաններին, հյուրանոցներին, սրճարաններին, տաքսի-ծառայություններին: Բոլորս գիտենք: Տեսնում ենք ամեն օր ու ամեն քայլափոխի: Դրանք վկայում են մեր ցածր քաղաքացիական մակարդակի, անհեթեթ լեզվական և գեղագիտական ընկալումների, ինչու չէ, նաև վատ ճաշակի մասին:
Եթե առօրյայում այսպիսին ենք, ապա հեռուստատեսությունն էլ մեր կյանքի բոլորովին տրամաբանական շարունակությունն է: Բոլոր հեռուստաընկերությունները ֆիրմային անվանումների կամ գործունեությունների, միջոցառումների անվանումները մեծ մասամբ գրում և արտասանում են օտար լեզվով` «TISSOT», «Swatch», «AVON», «Mobile planet», «Gate world», «ծՏՉՈ ՉՏսվՈ», «Մանկական «ծՏՉՈ ՉՏսվՈ», «ըպսՔՌվՈ», կամ message ուղարկել, design, touch screen, start-stop, styling, ՎՏռՍՈ, ցջՏՐ, վՈՍՏսՍՈ, tatoo և այլն:
Հեռուստադիտողի կամ ռադիոլսողի համար նորություն չեն OXYGEN մարզաառողջական կենտրոնը, priceinfo տեղեկատվական ծառայությունը, Tropical / tropical akvarium fish սրճարանը, Corrida խաղատունը, CRAZY գիշերային ակումբը…
«SUPER» առաջարկով ներկայացվում են «KLAIK» կահույքի սրահի ապրանքները, գովազդվում են «Feti» ապրանքանիշի ապրանքները, առաջարկվում են «Avenue des Fleurs» անվանումով խանութի ծաղիկները, «Global LIMO SERVICE»-ի մեքենաների սպասարկումը, «Stopelia»-ի աքսեսուարների դիզայնը, «ըՏվ ՈտտպՑՌՑ»-ի վիտամինները…
Հեռուստաընկերությունները վերածվել են TV-ների` ATV, ՀայTV, TV5, փոխանակ կարճ ասելու Ահեռուստ, Հայհեռուստ, Հեռուստ5:
Իսկ հաղորդումների անուննե՞րը: Շարունակ միմյանց են հաջորդում օտարանուն հաղորդաշարերը, որոնք հաճախ հայ մարդուն ոչինչ չեն ասում, մինչդեռ պետք է համառոտակի և ընդհանրացած ներկայացնեն թողարկման բովանդակությունը.
«Tatoo art», «Vitamin», «Face control», «Telemarket», «Made in Armenia», Kino Սեանս, Deluxe, Show news, Desktop, Fashion կոդ, Com into…
Իսկը մեր առօրյան։
Հաղորդումներ կան, որոնց ծանուցումները հաղորդավարը կատարում է օտար բառերի մի երկար շարք կազմելով` լսողական տպավորություն թողնելու համար` է՛լ տելեռեկլամացիա, է՛լ մանիպուլյացիա, է՛լ պրեզենտացիա, է՛լ ինտերպրետացիա:
Ի դեպ, հաղորդավարների և հեռուստալրագրողների լեզվի մասին: Ինչո՞ւ են նրանք հաճախ գռեհիկ խոսքը, ժարգոնը նույնացնում խոսակցական լեզվի հետ: ՈՒզում են լսարա՞ն գրավել: Բայց հասարակական կարծիքի ուսումնասիրությունն այլ բան է հավաստում. մեր քաղաքացիները դժգոհ են եթերի լեզվից: Իսկ շեշտադրությո՞ւնը: Լրատվական ոճն այսօր ուղեկցվում է ոչ հայերեն հնչերանգով ու շեշտադրությամբ: Մի խոսքով, լիակատար անգրագիտություն ու լեզվական ցածր մակարդակ:
Եթե սխալների այս շարքը չենք շարունակում, ապա այն պատճառով, որ հեռուստառադիոալիքների թիվը հասնում է երեք տասնյակի: Ավելացնենք միայն, որ գրականից կատարվող շեղումների, օտարամոլության և անփույթ ու անճաշակ խոսքի ամենաբարձր մրցանիշները պատկանում են FM ռադիոկայաններին:
Կամայական մոտեցումները շատ են «Վան» ռադիոկայանում: Ցանկացած ժամանակ լսեք. այն տպավորությունն է, որ հաղորդումները երկու լեզվով` հայերեն և ռուսերեն վարելու պարտականություն ունի ռադիոալիքը:
Չեմ կարող չնշել վերջերս կայացած «Կարոտ» մրցանակաբաշխության մասին: Միջոցառումը վարում էին Ե. Գլումովը և Գ. Ասլամազյանը: Այն ամբողջությամբ ընթացավ ռուսերեն, բնականաբար, եթեր հեռարձակվեց առանց հայերեն թարգմանության:
Երբ մենք` լեզվի համար պատասխանատուներս, ասում ենք, որ այս բնագավառում ևս օրենսդրական դաշտն անկատար է, նկատի ունենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով բացառություն սահմանելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորողն ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը կիրառողը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն է, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նշված հանձնաժողովը որևէ քաղաքականություն չի իրականացնում։ Պատճառաբանությունը` իրենք պարտականություն չունեն:
Իսկ լեզվաքաղաքականություն չիրականացնելու համար օրենքով որևէ պատասխանատվություն նախատեսված չէ: Տեսչությունը կարող է բավարարվել միայն խախտումը տարին մեկ արձանագրելով:
Պատասխանատվություն օրենքով նախատեսված չէ նաև լեզվի անաղարտության պահանջը չապահովելու համար։ Իսկ ո՞րն է անաղարտ լեզուն. այն բառային անճաշակ խառնուրդից` գռեհկաբանություններից, ժարգոնից զերծ, հայերենի կանոններին ենթարկվող հայերենի ճիշտ շեշտադրությամբ և հնչերանգով լեզուն է:
Այսպիսով, «Լեզվի մասին» և «Գովազդի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքները պահանջում են, որ գովազդի տեքստը, լավը լինելուց բացի, նաև անսխալ հայերեն լինի: Հակառակ դեպքում, գովազդվող նյութի հետ գովազդվում է լեզվական աղավաղումը. մի բան, որի պակասն այսօր, համոզվեցիք, չի զգում հայկական եթերը: Օտարամոլությունը խեղդում է եթերը, հասարակությանը չեն բավարարում հեռուստառադիոհաղորդումների լեզվական մակարդակը և ստեղծված ամենաթողության վիճակը:
Հայերենի պաշտպանվածության ներկա իրավիճակն է պատճառը, որ Լեզվի պետական տեսչությունն օրենսդրական բարեփոխման խնդիր է տեսնում։
Մենք առաջարկում ենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում ավելացնել նոր նորմ, որով կարգելվեն հայերեն հեռարձակվող հաղորդումներում գռեհկաբանությունն ու օտարաբանությունը: Ինչպես նաև, օտարալեզու հաղորդումների համաժամանակյա թարգմանության պահանջից զատ, ամրագրել համարժեք թարգմանության պահանջը: Չէ՞ որ համարժեք թարգմանություն չապահովելն առաջացնում է պետական լեզվի գործածության և ՀՀ սահմանադրական պարտականության ու դրանից բխող` մարդու հիմնարար իրավունքներից մեկի` պետական լեզվով տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքի արգելափակում:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն պետք է սահմանվի պետական լեզվաքաղաքականություն չիրականացնելու, ինչպես նաև հայերենը աղավաղելու համար:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում պետական լեզվի նկատմամբ ընդհանուր պահանջների ընդլայնումով ու հստակ պարտականությունների սահմանումով, վստահ ենք, օրենսդրական դաշտում դրական քայլ կապահովենք լեզվական հարաբերությունների կարգավորման և հայերենի պաշտպանության ուղղությամբ։
Թե՞ հեռուստառադիոեթերն այլ առաքելություն ունի…
Չպետք է մոռանալ, որ լեզվական անկարգությունն ազդում է մարդու բնավորության վրա: Լեզուն և բնավորությունը փոխկապակցված են: Գռեհիկ հոգին ծնում է գռեհիկ լեզու, գռեհիկ լեզուն էլ իր հերթին ձևավորում է գռեհիկ հոգի: Մեկ անգամ ևս համոզվենք Սենեկայի խոսքերի ճշմարտացիության մեջ:

Մարինե ՀՈՎՅԱՆ
ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ

www.irates.am

 

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Գործարարություն, ԶԼՄ-ներ, Իրավական, Խախտումներ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.