Մատենադարանը (մաս I)

Դոնալդ Էրվին Կնութը Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ

Երբ մտնում եք մեր գրականության ու արվեստի այս նվիրական տաճարը` ձեզ համակում են խորին հարգանքի ու պաշտամունքի զգացմունքներ. հարգանք դեպ այն մարդիկ, որ հարյուրավոր, հազարից ավելի տարիների ընթացքում ստեղծել են մագաղաթյա այս գրքերը,-գրել, նկարազարդել ու հասցրել են մեզ սերնդից սերունդ… Եվ պաշտամունք դեպ այն աշխատանքն ու ոգին, որ մեր նախնիները գրել են այս գրքերի մեջ: Հերոսական աշխատանք և անընկճելի ոգի. հատկություններ, որոնցով հարատևում են ազգերը և նրանց կուլտուրան:

Իսկ երբ ծանոթանում եք հազարավոր այս գրքերի պատմությանը կամ կենսագրությանը,-նրանք երբեմն մարդկանցից ավելի հետաքրքրական կենսագրություն ունեն,-տեսնում եք իսկապես հայ ժողովրդի մեծագործությունը, գրականության, գիտության և արվեստների անմար սերը, որը չի նվազել անգամ ամենածանր ու դաժան արհավիրքի օրերին:

Սյունեցի գրիչներից մեկը, օրինակ, գրում է, թե ստիպված լինելով փախչել ավերիչ թշնամու սրից` կիսատ ձեռագիրը դնում է խուրջինը և ուր դադար է առնում` այնտեղ էլ շարունակում է գրել, ծնկները դարձնելով գրասեղան:

Այսպիսի ծանր, դժվարին պայմաններում են ծնվել ահա շատ-շատերը այն մագաղաթյա ձեռագրերից, որոնց անվերջ շարքերով, հատակից մինչև առաստաղը լեցնում են մեր Մատենադարանը. ձեռագիր գրքեր, որոնց թիվն այժմ մեզանում հասնում է 9 հազարի*, նաև 1500 պատառիկներ, մասնագետի լեզվով ասած, հնագույն ձեռագրերի  ներկայացուցիչներ, որոնք հնագիտական մեծ արժեք ունեն գիտական աշխարհում:

Մատենադարանում գտնվող հազարավոր մագաղաթյա այս ձեռագիր գրքերն ունեն ամենաբազմազան բովանդակություն, կրոնականից մինչև ամենաաշխարհիկ նյութերը, թեմաները:  — Աստվածաշունչ, Ավետարան, Հայսմավուրքներ, Ճաշոցներ, Ճառընտիրներ, դրանց հետ միասին, դրանց կողքին` աստղագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, վեպ, բանաստեղծություն, բժշկագիտություն` թե՛ ինքնուրույն, թե՛ թարգմանական: Մի խոսքով այն ամենը, ինչ ուներ կամ ինչով հարուստ էր հին աշխարհի առաջավոր երկրների կուլտուրան:

Ձեռագրերը, ինչպես բովանդակությամբ, բազմազան են նույնպես և իրենց դիրքով, ֆորմատով, գեղեցկություններով: Կան ձեռագիր հսկաներ, որ մի կես մետրից ավել երկարություն ունեն, մոտ քառորդ մետր հաստություն և որոնք կարող են կշռել երկու փութ. կան միջակ ձեռագրեր (մեծ մասը) և ձեռագիր լիլիպուտներ, որ կարելի է փակել բռան մեջ: Կան ձեռագրեր շքեղազարդ կազմերով` ծաղկված մեծ վարպետ նկարիչների ձեռքով, բազմագույն, բազմարվեստ նկարներով, ձկնագրերով, թռչնագրերով, և ձեռագրեր` սակավ կամ աղքատ զարդերով. կան և բոլորովին անզարդ ձեռագրեր, նայած դարին, ձեռագիրը պատվիրողի կարողության և ճաշակին:

Եվ այս բոլորը` թե՛ շքեղորեն զարդարված-ծաղկվածները, թե՛ անզարդները, թե՛ մեծերը և թե՛ փոքրերը, իրենց գրաված դարակներից ու պահարաններից կարծես դարերի խորքից համր ու խորունկ նայում են ձեզ և անբարբառ պատմում այն հազարավոր աղետների մասին, որ ուրագանի պես անցել են հայ երկրի ու հայ ժողովրդի գլխով, և այն ոգու մաիսն, որ երբեք չի ընկճվել այդ աղետներից և ստեղծագործության ու շինարարության հուրը միշտ բորբոք է պահել մեր երկրում:

Խորին, ալեհեր դարերից եկող այդ ձեռագրերը միաժամանակ ապացուցում են, թե Հայաստանը բնավ այն երկրներից չէ, ուր պատմությունը կանգ է առնում դարերով, անշարժության մեջ: Սրանք, ընդհակառակը, ասում են, որ պատմությունը, անգամ ուրիշին ենթակա շրջաններում, միշտ շարժման մեջ է եղել մեր երկրում, երբեմն ընթացել է բուռն թափով, երբեմն ցատկումներով, երբեմն կատարել է հետաքրքրական ելևէջներ, ու երբեք կանգ չի առել հայ ժողովրդի հոգևոր, մտավոր կյանքը, կուլտուրան, որի բազմազան արտահայտություններն ու պատկերները տալիս են իրենք` մեր մագաղաթյա ձեռագրերը, որ ապրել են հայ ժողովրդի ապրած նեղություններն ու ծանր վիճակները:

Սրանք, այս ձեռագրերը, իհարկե, բոլորը չեն, ինչ արտադրել է դարերի ընթացքում հայ միտքն ու գրիչը,-աշխարհում ցրված ձեռագրերի թիվը, ըստ Մեսրոպ Մագիստրոսի ցուցակի, հասնում է 24 հազարի: Իսկ քանի՛-քանի՛ հազար ոչնչացվել կամ հրաճարակ են դարձել բարբարոս ասպատակողների կողմից: Ստեփանոս Օրբելյան պատմիչն, օրինակ, գրում է, թե երբ 12-րդ դարում սելջուկ-մուսուլման խաները գրավում են Բաղաբերդը (Ղափանում), բերդը հրկիզում են և հետը վառում 10 000 ձեռագիր: Իսկ Թովմա Մեծոփեցին ավելացնում է, թե արյան բաղնիքներ ստեղծող Լենկթեմուրը Հայաստանի արշավանքից վերադառնալիս` հայ գրքերը տեղափոխում է Սամարկանդ` իր մայրաքաղաքը:

Բարբարոսները կողոպտել ու ոչնչացրել են ոչ միայն հայ ժողովրդին, այլև նրա հոգու նվիրական գանձերը, սրբությունները, մագաղաթյա ձեռագրերը:

Բայց դարձյալ չի նվազել գրքի սերը, չեն պակասել գրիչներ, չեն պակասել մեկենասներ: Ընդհակառակը, ամեն արհավիրքից հետո կարծես ավելի մեծ թափ է ստացել մագաղաթյա գրքերի հրատարակությունը. Զանազան վանքերում, քաղաքներում հիմնվում են ձեռագրեր պատրաստելու և նկարազարդելու արհեստանոցներ, որոնք և պատվերներ ընդունելով իշխաններից, բարձրաստիճան հոգևորականներից կամ պարզապես հարուստներից` տալիս են նրանց արտագրած գրքեր, մեծ մասմաբ Ավետարաններ կամ պատմական ու փիլիսոփայական երկեր: Գիրքը ոչ միայն համարվել է հոգևոր սնունդ, այլև թանկարժեք մի բան, սրբազան մի իր, որի համար ոչինչ չեն խնայել մարդիկ:

Թե որքան ձեռագիր-գիրքը սիրված ու հարգված է եղել ժողովրդի կողմից` երևում է հետևյալից: — Պատերազմի ժամանակ պարսից մի զորավար մեկի Ս. Գիրքը (ձեռագիր, իհարկե) տանում է գերի: Տերը երկար ժամանակ ամեն կերպ ջանում է գիրքը փրկել գերությունից: Չի հաջողվում: Տեսնելով մահը մոտ է` կտակում է որդուն – գիրքն ազատել գերությունից: Եվ որդին ազատում է, ու հիմա այդ ազատված գիրքը հանգիստ ապրում է Մատենադարանում: Ու այս պատմությունը գրված է նրա հիշատակարանում:

1940թ.

* Այս քանակը 1940թ. տվյալներով է: Ըստ 1989թ. տվյալների Մատենադարանում կա 16 731 ձեռագիր, որից 2077 պատառիկներ: 2000 ձեռագիր այլ լեզուներով են:

Շարունակելի

 

Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու 12 հատորով, հատորն տասներկուերորդ, Խորհրդային գրող հրատարակչություն, Երևան 1990թ., 417-425:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր, Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը, Հայերենագիտություն, Հրապարակախոսական, Շտեմարան բաժնում։ Էջանշեք այս հղումը.