Մարիտե Կոնտրամայտե. լիտվացի բանաստեղծուհու համար Հայաստանից ու հայերենից էն կողմ աշխարհ չկա

Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին դարսված գրքերը ու ընդառաջ գալիս.
«Բարով եք եկել,-վարժ հայերենով ներս է հրավիրում նա` մինչ կատուն առիթից օգտվելով սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը,- ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսացող լիտվուհին գիտեմ որ տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է, իսկ հայերենն ինձ համար` իսկական երաժշտություն»,-ժպտում է նա:

Վիլնյուսի իր բնակարանում`լիտվացի հայտնի գրող, բանաստեղծուհի Մարիտե Կոնտրամայտեն` սառը խառնվածքով եւ չոր շարժ ու ձեւերով, լիովին փոխվում է, երբ սկսում է խոսել Հայաստանի մասին: Մինչ սեղանին հայտնվում է բալթյան խոտաբույսերով թունդ թեյը, նա շարունակում է պատմել իր սիրո պատմությունը` անաղարտ հայերենով:
1971-ին երիտասարդ բանաստեղծուհի Մարիտեին Լիտվայի Գրողների միությունն առաջակում է Խորհրդային պետություններից որեւէ երկրում իր ընտրությամբ շարունակել կրթությունը:
«Ես այն ժամանակ շատ երկրներում էի եղել, բայց երբ առաջարկեցին, վայրկյանապես ասեցի` Հայաստան. հայերեն եմ ուզում սովորել:- «Մեդիալաբին» ասում է Կոնտրամայտեն,-դե արդեն կարդացել էի Սասունցի Դավիթ էպոսն ու անվերադարձ սիրահարվել Դավիթին: Էպոսն ինձ համար ազգի հայելին է»:
Նա օրինակ է բերում Վրացական մշակույթը, եւ ասում որ ի տարբերություն հայերի, վրացիների մոտ իշխող գիծը կռվարարությունը, ինքնասիրահարվածությունն է :
«Վրացիներն իրենց մշակույթով կարծես ասեն` կկոտրեմ, կջարդեմ, ես եմ որ կամ, այսինքն ամեն ինչ քարերի նման… այդ ամենը հստակ երեւում է ազգային երգ ու պարում,-ասում է բանաստեղծուհին,-իսկ հայկական պարերը, նազանքը, շուրջպարը` համեստ ու գեղեցիկ»:
Դժվարությամբ «պեղելով» լիտվերեն-հայերեն հին մի զրուցարան, Մարիտեն մեծ ոգեւորությամբ բռնում է իր երազած Սասունցի Դավթի երկրի ճանապարհը:
«Ամբողջ ճանապարհին հուզմունքից ու լարվածությունից չքնեցի, իսկ երբ գնացքը վրացական տարածքներից դուրս եկավ եւ ես վերջապես Հայաստան մտա, աչքերիս չէի հավատում,-պատմում է Մարիտեն` հիացմունքով հիշելով պատկերները,-դիմացս Սարյանի գույներով Արարատն էր… ու ես ապշեցի, երբ տեսա, որ էդ գույներն իրական են»:

Հայաստանում Մարիտեի հիացմունքը այդքան էլ երկար չի տեւում: Տեղավորվելով ուսանողական հանրակացարաններից մեկում, երիտասարդ բանաստեծուհին սկսում է  բուռն սիրային հետապնդումների ենթարկվել երիտասարդ «սասունցի դավիթների» կողմից:

«Ես տարբերվում էի բոլորից, ու շատերին թվում էր թե ռուս եմ, այսինքն եթե մազերդ ու մաշկդ բաց գույնի են ուրեմն դու ռուս ես, իսկ եթե ռուս ես, ուրեմն բոզ ես ու կարելի է քեզ անվայելուչ առաջարկներ անել»,-ասում է Մարիտեն,-հասկանում եք, հայկական արժանապատվությունը այլ բան է, իսկ էդ պահվածքը լրիվ ուրիշ: Սկզբում պտտվում ու հայհոյում էի նրանց լիտվերեն, իսկ հետո հայերեն սովորեցի եւ արդեն համարժեք պատասխան էի տալիս»:

Որոշ ժամանակ անապահովության զգացողությունից հետո, բնույթով ակտիվ ու պայքարող Մարիտե Կոնտրամայտեն հանդիպում է իր ապագա ամուսնուն` նույն հանրակացարանում բնակվող ուսանող Ռուսլան Հարությունյանին:

«Ես հասկացա, որ նրան հանդիպելուց հետո կյանքս լրիվ փոխվեց,-ասում է լիտվուհին,-փողոցներում անտարբերությանս բախված տղաները հետեւիցս ռուս-կուկուռուզ չէին գոռում, ես էլ ստիպված չէի երեք մատի կոմբինացիա ցույց տալ ու հայհոյել: Ռուսլանը դարձավ իմ թիկունքը եւ ես սկսեցի հանգիստ իմ գործով զբաղվել»:

Մի տարվա ընթացքում երիտասարդ լիտվուհին սկսում է վարժ հայերեն խոսալ:

«Հայերենը հոյակապ լեզու է, բացառիկ: Միակ բարդությունն ինձ համար այբուբենը յուրացնելն էր: -ասում է Մարիտեն,-Մաթեմատիկայի պես սովորեցի լեզվի ֆորմուլաները` տառերը, քերականությունը ու վերջ ամեն ինչ պարզ էր. կարող էի հեշտորեն կարդալ հայկական հրաշալի գրականությունը, բացատրել, լսել հասկանալ… Ես այնքան ուրախ էի»:

Երկու տարի Հայաստանում սովորելուց հետո, Մարիտեն եւ Ռուսլանը ամուսնանում են եւ մեկնում Վիլնյուս` քանի որ ըստ պայմանագրի բանաստեղծուհին պիտի վերադառնար Լիտվա:

Վիլնյուսում ծնվում են նրանց երկու  աղջիկները` Վեգան եւ Յուստինան:
«Պոետական շեղումներ են,-ժպտում է Ռուսլան Հարությունյանը,- դրա համար էլ երեխեքին աստղերի անուններով կոչեց»:
Աղջիկները եւս հայերեն են խոսում, իսկ Յուստինան հայկական հոգեւոր երգերի եւ շարականների կատարող է:
Վիլնյուսում Մարիտեն  շարունակում է հայկական «թեմաները». կապերը իր սիրելի Հայաստանի հետ, ուր պարբերաբար այցելում է ամուսնու, ապա նաեւ երեխաների հետ:
«Ինքը սիրահարված էր մեր երկրին ու մշակույթին, եւ ամբողջովին մտել էր այդ ամենի մեջ,-ասում է Ռուսլան Հարությունյանը,-ու մինչեւ հիմա էլ Հայաստանն ու հայերենը Մարիտեի համար ամենավեհ բաներն են, մի աշխարհ որից էն կողմ էլ բան չկա»:
Վիլնյուս-Հայաստան

© Medialab.am

Գրառումը կատարվել է Հայերենագիտություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.