Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին

Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ). «Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»:

Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող). «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:

Մարկվարտ (գերմանացի գիտնական, հայագետ). «Միջնադարյան ո՞ր ժողովուրդը կկարողանա պարծենալ, թե երբևիցե իր սեփական լեզվով կամ թեկուզ մի այլ` բախտավոր լատիներենով, հրապարակ է հանել Վարդանի և իր ընկերների դյուցազնամարտի այնպիսի մի նկարագրություն, ինչպիսին Եղիշեի նկարագրածն է»:

«Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ  ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից  Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ»:

Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ). «… Զբաղմունքներուս նյու՞թը այսօր: Մեկն ու միակը` հայերենը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը»:

«Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերենը բացառիկ է… նախ, որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով»:

Էդմոնդ Շուց (հունգարացի բանասեր, դոկտոր). «… Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս»:

«Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել… »:

Անտուան Մեյե (ֆրանսիացի գիտնական, հայագետ). «Հայ  այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց  փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե»:

Էմիլ Բենվենիստ (ֆրանսիացի լեզվաբան). «Լատիներենի այբուբենը, հայերենի այբուբենը նշագրության զարմանալի օրինակներ են, որն անվանում ենք հնչութային: Ժամանակակից վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այստեղ. հաշվի են առնված իրական տարբերությունները, յուրաքանչյուր տառ միշտ համապատասխանում է միայն մեկ հնչույթի, յուրաքանչյուր հնչույթ միշտ վերարտադրվում է նույն տառով»:

Աղբյուրը` Հ. Ա. Հարությունյան «Հետարքրաշարժ հայոց լեզու», «Լույս» հրատարակչություն, Երևան 1975թ.

Էջ 20 -22, 51-52

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Շտեմարան բաժնում։ Էջանշեք այս հղումը.